Այնքան են հրետակոծել գյուղը, որ տների մեծ մասը գետնին են հավասարվել, ավերել եկեղեցին ու դպրոցը

«Առաջին հրետանային հարվածն ընդունեց գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հետո Եղցահողը քարուհող արեցին, խփում էին խոշոր տրամաչափի տարբեր զինատեսակներով»,- սեպտեմբերի 19-ի պատերազմական իրադարձությունները MediaHub-ին ներկայացնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի համայնքի ղեկավարը։ Նախքան ռազմագործողությունները Արտակ Հակոբյանը Ստեփանակերտից իր ընկերների զանգերն է հիշում. «Բոլորը հարցնում էին՝ «ձեր մոտ ամեն ինչ լա՞վ ա», իսկ մեր մոտ հիմնականում լարված է եղել իրավիճակը, քանի որ Բերձորի հանձնումից հետո, ադրբեջանական դիրքերը շատ մոտ էին»։
Հասկանալով, որ առաջնագծում ամեն դեպքում իրավիճակը կայուն չէ, համայնքի ղեկավարը տնօրենին հանձնարարել է դասերը դադարեցնել, երեխաներին տուն ուղարկել։ Ինքը գյուղի երիտասարդների հետ պլանավորել են անելիքները։ Եղցահողն Արցախի այն եզակի գյուղերից է, որ տարբեր հատվածներում քարանձավներ ունի, որը ծառայում է իբրև ապաստարան։ Այն հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել նաև արցախյան առաջին պատերազմի տարիներին։
«Ուղիղ կեսօրին սկսվեց պատերազմը։ Առաջինը հարվածեցին եկեղեցուն, հետո դպրոցին, բնակելի տներին ու ամբողջ գյուղից ծուխ էր ելնում»,- հիշում է Արտակ Հակոբյանը։ Գյուղի տղամարդիկ արագ-արագ բնակիչներին տեղավորել են քարանձավ-ապաստարաններում, իրենք զենք վերցրել, գյուղը պահել։ Իսկ Արտակ Հակոբյանն իր անձնական մեքենայով անկողնային հիվանդներին ու ծերերին է տարհանել։ Հենց գյուղամեջում կրակում են նաև իր մեքենային ու բեկորային վիրավորում է ստանում։
«Բոլորը «Արտակ, Արտակ» էին գոռում, ինձ գրկել ու տեղափոխել են հարևան ժիրիկենց տան նկուղ, այնտեղ տնական օղի կար, վերքերս օղիով մշակեցին, բայց քանի դեռ հրետակոծությունը չէր դադարել, երկար մնալ չէի կարող՝ բնակչության տարհանման անհրաժեշտություն կարող է լիներ»,- պատմում է նա:
Հակոբյանի խոսքով՝ գյուղը պահող տղերքը մի քայլ հետ չեն նահանջել, պահել են ու այդ ուղղությամբ թշնամուն ջարդ տվել։ Տեսել են թշնամական կողմի շտապ օգնության մեքենաներն ինչպես են տեղափոխում զոհերին ու վիրավորներին։
«Այդ ժամանակ ես մտածում էի միայն, որ ադրբեջանցիները գյուղ չմտնեն։ Ստեփանակերտ կապ հաստատել հնարավոր չէր, ներքին կապով խոսում էինք հիմնականում դիրքերի ու հարևան համայնքների ղեկավարների հետ, գնահատելու իրավիճակը»,- ասում է մեր զրուցակիցը։
Հասկանալով, որ դրությունը ժամ առ ժամ օրհասական է դառնում, գյուղի տղամարդիկ գիշերը հերթապահություն են սահմանել։ Արտակ Հակոբյանը 4 տեղից վիրավորված ոտքերով, երիտասարդների հետ հսկել են Եղցահողը, իսկ կանայք, երեխաներն ու ծերերը քարանձավների մեջ ծվարել են մինչև հրադադարը։
«Գնացել եմ գյուղի մոտ գտնվող ռուս խաղաղապահների հենակետ, նկարագրել իրավիճակը, խնդրել, որ գոնե մեքենայով գան կանգնեն գյուղում, որ չկրակեն, ասացի 1 ամսական 5 երեխա ու հղի կանայք կան, գոնե նրանց համար, պատասխանեցին՝ «մենք հրաման չունենք»: Այդտեղ հասկացա, որ ամեն բան պլանավորված էր, կազմակերպված պարտություն»։
Ականատեսի խոսքով՝ այնքան են կրակել գյուղի ուղղությամբ, որ տների մեծ մասը գետնին են հավասարեցրել, 2 անգամ կրակել են եկեղեցուն, ավերել Աստծո տունը։ Գիշերը քարանձավում գտնվող բնակիչները տարհանվել են ռուս խաղաղապահների 4-րդ հենակետ, քանի որ վերևի հատվածում գտնվող բնակարաններում արդեն նկատվում էր ադրբեջանցիների շարժը, հրաձգային զենքերով մերթընդմերթ կրակոցները։
«Մենք ոտքով մտել ենք ներքևի կողմից առաջին բնակարաններ, ուտելիք տարել բնակիչներին, իսկ վերևի հատվածում գտնվող 6 տղաներից լուր չունեինք։ Վախենում էինք, որ կգերեվարվեն, բայց տղերքը մահից են պրծել։ Ադրբեջանցիները նկատել են հերթապահող տղերքին, կրակել, վերջիններս փրկվել են հրաշքով ու ձորով շրջանցել ուշ գիշերին հասել մեզ»,- մանրամասնում է Արտակ Հակոբյանը։
Հաջորդ օրը ցավալի զիջումներով հրադադարն էր։ Եղցահողցիներն այդպես էլ չկարողացան մի վերջին անգամ գյուղ մտնել, գոնե հրաժեշտ տալ գերեզմաններին, իրեր ու ուտելիք վերցնել. «Որովհետև զինադադարից հետո ուղիղ մեկ օր փոքր տրամաչափի զինատեսակներով կրակել են տներին, երևի գիշերը նկատել են մեր շարժը, դրա համար էին կրակում»։
Այսպես, տարհանման ճիշտ պլանով ու Եղցահողի տղամարդկանց շնորհիվ մի ամբողջ գյուղ, շուրջ 120 հոգի փրկվել են էթնիկ զտումից, առանց մարդկային կորստի տեղափոխվել Հայաստան։
Քաղաքացիներին օգնելու ժամանակ վիրավորվեց միայն համայնքի ղեկավարը, ով Հայաստան տեղափոխվելուց հետո բուժում է ստացել։
Հունան Թադևոսյան