Մենք զգուշացնում էինք․ Գեղամ Մանուկյան

Մենք զգուշացնում էինք․ Գեղամ Մանուկյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական անգամ հոխորտաց ու հայտարարեց, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Նաև ավելացրեց, որ դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։

Փաստորեն, մեր կառուցողական հարևանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը, մինչ մեր պետությունը հայտարարում է, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա, բացի այդ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, որևէ կուլիսային քննարկում չկա։ Ավելին, իշխանական թևը պնդում էր, որ Հայաստանի ընդդիմությունն է հատուկ կեղծ օրակարգ ստեղծում՝ միջանցքի մասին խոսելով, որպեսզի հանրությունը դուրս գա ՀՀ իշխանության դեմ։

Ի՞նչ սպասել․ MediaHub-ը փորձեց հասկանալ՝ զրուցելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական խմբակը սեփական ժողովրդին խաբում էին։ Մանանա էին խոստանում բանակցության սեղանին դրված փաստաթղթով»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա նկատեց՝ իրենք անընդհատ զգուշացնում էին, թե Փաշինյանն ուր է տանում մեր պետությունն ու ինչ փաստաթուղթ է ստորագրելու, քանի որ ծանոթ էին նախորդ մի քանի տարբերակներին։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հենց ընդդիմությունն է ուզում միջանցք տալ, դրա համար էլ անընդհատ այդ մասին է խոսում, Գեղամ Մանուկյանն արձագանքեց կարճ ու կոնկրետ՝ իր պես հավասարակշիռ մարդու համար դժվար է մեկնաբանել Փաշինյանին։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց ընդդիմությունն ունի հստակ դիրքորոշում՝ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը որևէ կերպ կասկածի տակ չի դրվի»,- ամփոփեց խոսքը Գեղամ Մանուկյանը։

Նարե Գնունի