Համերգ սգո օրը. չնայած քաղաքացիների վրդովմունքին՝ համերգը կկայանա

Համերգ սգո օրը. չնայած քաղաքացիների վրդովմունքին՝ համերգը կկայանա

Դեկտեմբերի 7-ը 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Այս տարի ողբերգության 35-րդ տարելիցն է:

Թեև այդ օրը պաշտոնապես սգո օր չի նշվում Հայաստանում, բայց տարիներ շարունակ այդ օրը բոլոր ձայները մի քանի տոնայնություն ցածր են, համերգներ, ուրախ միջոցառումներ չեն անցկացվում՝ գոնե մեծ մասշտաբով... մինչ այս տարի, երբ պարզվեց, որ դեկտեմբերի 7-ին ինչ-որ համերգ է լինելու Արամ Խաչատրյան համերգասրահում:

MediaHub-ն արդեն գրել է, որ կայանալու է «Արցախը՝ մունք ենք» խորագրով բարեգործական համերգ, որի կազմակերպիչ նշվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք ՀԿ-ն։ 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում կազմակերպիչն ասել էր, որ կառավարությունից որևէ ընդվզում կամ հարց չի հնչել օրվա հետ կապված, իսկ դեկտեմբերի 7-ը ընտրվելը առհասարակ միտում չի եղել, ուղղակի դա միակ օրն էր, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահը ազատ էր և հարմար արտիստներին: 

Համացանցում համերգի մասին իրազեկման տակ քաղաքացիները շարունակում են թողնել իրենց վրդովված մեկնաբանությունները: Գերակշիռ մասը հիշեցնում է, որ 7-ը սգո օր է, ոչ թե համերգի, անգամ եթե այն բարեգործական է։ 

MediaHub-ը կապ հաստատեց ՀԿ-ի հետ՝ հասկանալու, արդյոք համերգը տեղափոխելու պլաններ կան, թե այն այդուհանդերձ կկայանա և արդյոք տոմսերը վաճառվում են։

«Կառավարության կողմից որևէ հրահանգ չունենք միջոցառումը տեղափոխելու կամ չեղարկելու։ Տոմսերը վաճառքի են դեռ և իհարկե վաճառվել են։ Մենք նաև մեծ թվով տոմսեր ենք ստիպված եղել տալ և մեծ թվով տոմսեր հանել ենք վաճառքից։ Մեզ դիմել է մի հասարակական կազմակերպություն, ովքեր զբաղվում են պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական կարիքների հարցերով, որոնց կտրամադրենք մոտ 200 տոմս»,- ասաց կազմակերպիչը։

Ըստ նրա՝ մեծ թվով արցախցիներ են արձագանքել և խնդրել են, որ իրենք ևս ներկա լինեն բարեգործանկան համերգին։

Նա նշեց, որ ստիպված են եղել մեծ թվով տոմսեր վաճառքից հանել, նվիրաբերել արցախցիներին։

«Հասույթից պետք է տրամադրվի արցախցիներին, բայց այն, որ իրենք ներկա են լինելու համերգին, դա էլ է դիտվում բարեգործություն։ Իսկ վաճառված տոմսերից՝ ինչքան վաճառվի, արդեն որոշակի քանակով ուղղելու ենք ընտանիքներին, որոնք մեզ դիմել են նամակներով։ Այս պահին արտիստներից որևէ մեկը չի հրաժարվել մասնակցել»,- ասաց կազմակերպիչը։ 

Մինչդեռ համացանցում մարդիկ վրդովված մեկնաբանություններ են շարունակում թողնել: Օրինակ. «Բարեգործական միտքը` ինչ-որ տեղ, շատ լավ է, սակայն դա կարող էիք անել 6-ին կամ 8-ին, բայց ո՛չ 7-ին։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել, միգուցէ մոռացե՞լ եք ինչ օր է չարաբաստիկ դեկտեմբերի 7-ը, թե տվյալ աստղերը թքած ունեն»։

«Էս նույն մարդիկ, 2017 թվականին, ապրիլյան պատերազմի տարելիցին հրավառություն էին անում, ինչի՞ եք զարմանում: Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի արդյունքում զոհվածների հիշատակը չհարգողները նույն աշտարակից թքած ունեն թե «մունք»-երի, թե Հայաստանի վրա»։

«Ապրիլի 24-ին էլ կազմակերպեք»:

Հիշեցնենք, որ 35 տարի առաջ, ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկրաշարժը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ այդքան հաշմանդամություն ձեռք բերեցին, անօթեւան մնաց 530 հազար բնակիչ:

Ավելի վաղ MediaHub-ն անդրադարձել էր այս թեմային։

Մարիաննա Արամյան