ԱԺ նոր օլիգարխը, շտապող Ավինյանը, «մերժված» Դավթյանը, «մեղավոր» Թորոսյանը․ Մամուլը՝ սուրճով

ԱԺ նոր օլիգարխը, շտապող Ավինյանը, «մերժված» Դավթյանը, «մեղավոր» Թորոսյանը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաեւ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է: Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գնալ ՄԻՊ, եւ նրա տեղը թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, որին փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալի տեղը:

Պարզվում է՝ խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանի մասին է:

Նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ, իսկ ավելի ուշ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Եվ, ահա, նրան դատախազի տեղակալ Պողոսյանը փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալ, սակայն փորձերը չեն ստացվում, քանի որ նշանակմանը դեմ է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին խառնվել է ֆինանսների նախարարությունը եւ դատարանի որոշմամբ ներգրավվել որպես երրորդ անձ: Իսկ ի՞նչ դատական գործի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:

Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել։

Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրավապահ մարմիններին սկսեց մեղադրել իր երբեմնի տեղակալի դեմ անհիմն քրեական հետապնդում իրականացնելու համար։ Նա նաեւ հայտարարեց, թե բազմիցս հայտնել է, որ ցանկանում է հարցաքննվել ու ցուցմունք տալ, եւ իր հայտնած տեղեկությունները կարող են նախաքննության վրա լույս սփռել, իրականությունը բացահայտել, սակայն իրավապահները «համառորեն» Թորոսյանին չեն հարցաքննում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում դրա դեմ պայքարի համար պետությունը խոշոր գումարներ էր փոխանցել առողջապահության նախարարությանը, վերջինս էլ՝ քովիդով զբաղվող բուժհաստատություններին՝ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, սակայն Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ էր անցկացրել ու անհամապատասխանություններ գտել` պետբյուջեից հատկացված միջոցների եւ իրական ծախսերի միջեւ, ինչը նշանակում է, որ միջոցների մի մասը վատնվել է, յուրացվել։ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն Արսեն Թորոսյանն այդ վարույթներով դեռեւս որեւէ կարգավիճակ չունի։ Տեղեկություններ են շրջանառվում, սակայն, որ Թորոսյանին շուտով մեղադրանք կառաջադրվի, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությամբ կմտնի Ազգային ժողով։ Մեր տեղեկություններով՝ Թորոսյանին առաջադրվելիք մեղադրանքը կապված է առողջապահության նախարարության գնումների գործընթացի հետ։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե գլխավոր  դատախազը մոտ ապագայում պատրաստվո՞ւմ է նման միջնորդությամբ դիմել խորհրդարանին։ Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ «ներկայում նման միջնորդություն դատախազությունում չկա»։ Այս պատասխանից կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է այս պահի դրությանը, իսկ առաջիկայում նման միջնորդություն կլինի, թե` ոչ, դատախազությունը, ըստ էության, դրա հավանականությունը չի բացառում:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում։ Թեմայի հետ կապված Դավթյանը նույնպես քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ծառայել Արցախին և իր կարողությունները ներդնել այնտեղ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել, ավելին, բավական մեծ թվով պատճառներ են ներկայացվել, թե ինչու նա չի կարող լինել Արցախի գլխավոր դատախազ։

Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ի թիվս մի շարք այլ պատճառների, Դավթյանին Արցախում հիշեցրել են, որ դեռևս 2019 թվականին, երբ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև Արցախի խորհրդարանական խմբակցությունները երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ, նույն Արթուր Դավթյանը, որն այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն էր, այդ հանգամանքը բացարձակ հաշվի չէր առել։

Թերթի տեղեկություններով, Արցախում Դավթյանին հասկացրել են, որ այդ ամենը չի մարսվել ու մոռացվել, և արցախցիների համար ընդունելի չէ, որ նա Արցախում գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնի: Մի խոսքով, այլ պատճառներ ևս հիշատակելով՝ նրան բաց տեքստով հասկացրել են, որ ընդունելի կերպար չէ։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել, որոշել են չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում դեռևս կան արտահերթի «երդվյալ» կողմնակիցներ, այդ թվում` փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այս պահին համարվում է ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, այսինքն՝ ցուցակի առաջին համար: Ըստ քպական մեր աղբյուրի, Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր: Մասնավորաբար, նշվել է, որ այս պահին, ըստ վերջին սոցհարցումների, Երևանում ՔՊ վարկանիշը հազիվ 15-16 տոկոսի շրջանում է:

Ավելին, անհանգստացրել է այն հանգամանքը, որ, օրինակ՝ Մանե Թանդիլ յանն այդ հարցման արդյունքներով «շնչում է իրենց ծոծրակին», իսկ չկողմնորոշվածների ու բոլորին դեմերի թիվն անցնում է հարցվածների կեսից ավելին: Ավինյանին նաև հիշեցրել են, որ ընտրություններին ոչ թե անհատները, այլ կուսակցություններ են մասնակցում, իսկ կուսակցության ցուցակը, այդ թվում՝ ցուցակի առաջին համարը, դեռևս հաստատված չեն։

Ըստ նույն աղբյուրի, նրան առանձին ակնարկվել է, որ մինչ իր թեկնածության «հրապարակայնացումը» Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոմանք, որպես ՔՊ ցուցակի առաջին համարի թեկնածու, այլ անձանց են լոբբինգ արել: