Կոռուպցիոն սկանդալ՝ ներիշխանական հակասությունների ֆոնին

Կոռուպցիոն սկանդալ՝ ներիշխանական հակասությունների ֆոնին

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցը շեշտում է, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: 

Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։

Ասվածի լավագույն ապացույցը դարձան երեկվա իրադարձությունները:

Երեկ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից դեռ չեն մանրամասնում, թե նրանք ինչ քրեական գործի շրջանակում են ձերբակալվել։

Ի դեպ, երկու ձերբակալվածները Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թիմակիցներն են, ինչը լեգիտիմ կասկածներ է ծնում, որ այդ հրաժարականը ներիշխանական հակասությունների հետևանք է: Եթե հիմք ընդունենք այս վարկածը, ապա տրամաբանական է ենթադրությունը, որ առայժմ գտնված չէ նաև քաղաքական լուծումը՝ Երևանի նոր քաղաքապետի ընտրության կամ արտահերթ ընտրությունների խնդիրների հետ կապված:

Մյուս կողմից, ՔՊ անցած հինգ տարիների կառավարումը Երևանում բացարձակ արդյունավետ չի եղել. կոռուպցիոն սկանդալներ, անկայունություն: Հետհեղափոխական առաջին քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց՝ անարդյունավետ կառավարման համար, իսկ հեռանալուց կոռուպցիոն բնույթի  մեղադրանքներ հնչեցրեց իր նախկին քաղաքական թիմի հանդեպ, Հրաչյա Սարգսյանի հրաժարականի պատճառները բացահայտված չեն:

Լեգիտիմ հարց է առաջանում՝ նման «բեռով» ՔՊ-ն ինչպե՞ս է Երևանում հավակնում նոր մանդատի:

Վահրամ Բագրատյան