Կասկածելի գործարք. անվտանգային ռիսկեր 

Կասկածելի գործարք. անվտանգային ռիսկեր 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 15–ի նիստի ժամանակ հավանություն է տվել MTS Armenia (ապրանքանիշը՝ Viva-MTS, ռուսական МТС–ի դուստրը) ընկերության վերահսկողությունը Fedilco Group Limited կիպրական ընկերությանը հանձնելուն։

Հիմա հայկական օպերատորի 100% բաժնետոմսերի սեփականատերը Aramayo Investments Limited–ն է (գրանցված է Կիպրոսում, ներառված է МТС խմբում)։

Շարքային թվացող այս տեղեկատվությունը իրականում լուրջ մտահոգություններ է ծնում․ առնվազն այն պատճառով, որ ունի վիճահարույց նախապատմություն:

Այս տարվա ապրիլին ՀԾԿՀ–ն մերժել էր նմանատիպ գործարքը։ Այդ ժամանակ Fedilco Group Limited–ին MTS-Armenia–ի բաժնետոմսերի փոխանցմանը դեմ էին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Ըստ ամենայնի, նշված գերատեսչություններն ընդամենն ամիսներ առաջ այս գործարքի մեջ Հայաստանի անվտանգության ու պետական շահեր համար ռիսկեր էին տեսել:

Ըստ այդմ, միանգամայն լեգիտիմ հարցեր են առաջանում, թե ինչ փոխվեց անցած յոթ ամիսների ընթացքում, մանավանդ, հայտատուն նույն կազմակերպությունն է:

Պետական պատկան մարմինները պարտավոր են հասարակությանը հստակ իրազեկել, թե ինչու են յոթ ամիս առաջ առարկել գործարքին, ու արդյո՞ք այս կարճ ժամանակահատվածում այդ մտահոգությունները փարատված են: Թափանցիկության բացակայությունը կոռուպցիոն ռիսկերի մասին հիմնավոր կասկածներ է ծնում:

Մյուս կողմից, փոխված չէ նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր դեռ չկա ու այսպիսի իրավիճակում խիստ զգայուն են նման գործարքները, մանավանդ, օտար ընկերությունների մասնակցությամբ (պատերազմի շրջանում․ հիշում ենք որոշակի խոսակցությունները՝ օպերատորների գործունեության հետ կապված):

Ինչևէ, տեղի է ունեցել գործարք, որն ավելի շատ հարցեր է ծնում:

Վահրամ Բագրատյան