Երեք անչափահաս երեխաների հետ 5 օրից հայտնվելու եմ փողոցում, տան վարձի 3 ամսվա պարտք է կուտակվել․ անհետ կորած զինծառայողի կինը՝ ահազանգում է

Երեք անչափահաս երեխաների հետ 5 օրից հայտնվելու եմ փողոցում, տան վարձի 3 ամսվա պարտք է կուտակվել․ անհետ կորած զինծառայողի կինը՝ ահազանգում է

Երեք երեխաների հետ հայտնվելու եմ փողոցում․ 5 օր ժամանակ են տվել տունը ազատելու համար։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց նոյեմբերի 12-ին Նախիջևանի սահմանագծի դիրքերից անհետացած  33 ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի կինը` Լիանա Մելիքսեթյանը։ Անհետացած զինծառայողի ընտանիքը բնակվում է Եղեգնաձորում։

«Արդեն մի քանի օր է  տան տերը ասում է, որ տունը  պետք է  ազատեմ. 3 ամսվա վարձ չեմ կարողացել տալ, 150 հազար դրամ որտեղից գտնեմ, տան  միակ աշխատողը ամուսինս էր, կորելուց անմիջապես հետո աշխատավարձը  կտրել են»,-ասաց նա։

Լիանա Մելիքսեթյանն ասաց, որ դիմել է պաշտպանության նախարարություն, ներկայացրել է խնդիրը, բայց գրավոր  պատասխան է ստացել, որ սոցիալական աջակցություն ցուցաբերել չեն կարող։

«Երեկ անգամ կառավարություն եմ եկել, մտածեցի՝ գուցե կարողանամ բարձրաստիճան որևէ մեկին կամ Փաշինյանին խնդիրը ներկայացնել, բայց ընդունելության չարժանացա․ հորդորեցին սպասել, երբ խմբով ծնողներ ցանկություն կհայտնեն տեսնելու, իրենց հետ գամ ընդունելության»,-նկատեց նա։

Լիանա Մելիքսեթյանն ասաց, որ որևէ բարեկամ իրեն 3 երեխաների հետ միասին չի ցանկանա  երկար ժամանակով հյուրընկալել։

Հիշեցնենք, որ 33 ամյա պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքով քրեական գործ է  հարուցվել դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով։

«Հիմա մյուս կողմից էլ պայքարում եմ պատգամավոր Տիգրան Աբարհամյանի օգնությամբ, որ անհետ կորած համարվի, փաստերն ավելի շատ խոսում են այն մասին, որ մոտակա ադրբեջանական դիրքից իրեն կամ գերավարել են, կամ սպանել»,-նշեց նա։

Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեից, անդրադառնալով անհետացման դեպքին, նշել էին, որ տարբեր վարկածներ են քննվում, որոնցից մեկը նաև այն է, որ կարող է  ձորից ընկել, սպասում են ձնահալին, որ որոնողական աշխատանքներ հնարավոր լինի կատարել։

Անի Գևորգյան