ԱՄՆ-ն այս փաստաթղթով անվտանգային որևէ երաշխիք ՀՀ-ին չի տալիս 

ԱՄՆ-ն այս փաստաթղթով անվտանգային որևէ երաշխիք ՀՀ-ին չի տալիս 

Երեկ Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչն, ըստ որոշ վերլուծաբանների՝ ՀԱՊԿ-ից մեր երկրի դուրս գալուն ուղղված վերջին քայլն է։ 

Նշենք, որ հանրության շրջանում հատկապես անհանգստություն են առաջացրել պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ կետերը, քանի որ հասկանալի չէ՝ ինչպիսի՞ աջակցություն է տրամադրելու ԱՄՆ-ն Հայաստանին, և արդյո՞ք դա ՌԴ աջակցությունից հրաժարվելու մասին է։ 

Բացի այդ, երեկվանից քննարկվում է, որ ըստ այս փաստաթղթի, ԱՄՆ-ն պատվիրակություն է տեղակայելու ՀՀ-Ադրբեջան սահմանին։ Նման կարծիքների տարածման համար հիմք էր հանդիսացել կանոնադրության հետևյալ հատվածը․ «Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը»։

Այս քննարկումներն իրականության հետ կապ չունեն, ասում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, նշելով, որ փաստաթղթի բովանդակությունից չի բխում այն, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է տրամադրելու ՀՀ-ին, եթե վերջինիս տարածքային ամբողջականությունը վտանգված լինի։

«ԱՄՆ-ն այս փաստաթղթով անվտանգային որևէ երաշխիք ՀՀ-ին չի տալիս, ինչպես չի տալիս ցանկացած այլ պետության, ում հետ ունի նման հարաբերություններ։ Եթե Հայաստանը լիներ ԱՄՆ այնպիսի ռազմավարական դաշնակից, ինչպիսիք են ՆԱՏՕ անդամ պետությունները, ապա այստեղ տրամաբանությունն այլ կլիներ, բայց Հայաստանն ընդամենը ռազմավարական գործընկեր է, որի հետ հարաբերությունները խորանալու են տնտեսության, էներգետիկայի, ռազմական ոլորտում կրթության և զինվորականների վերապատրաստման տրամաբանության մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է այս փաստաթղթից օգուտ ստանալ, եթե ՀՀ իշխանությունը կարողանա այն շահեկան դիրքերից օգտագործել դիվանագիտական հարաբերություններ կառուցելիս։

«Չնայած ես դրանում խիստ կասկածում եմ։ Այս իշխանությունն ունակ չէ իր դիվանագիտության մեջ, միջազգային շփումներում և հայ-ադրբեջանական հարաբերություններում օգտագործել այս փաստաթուղթը»,- նկատեց քաղաքագետը։

Հարցին, թե արդյո՞ք այս փաստաթուղթը չի վտանգում Հայաստանի հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ, Սարգսյանն արձագանքեց՝ ոչ։

«Այս ստորագրված փաստաթղթի և դրա արդյունքում ձեռք բերվող կարգավիճակի վերաբերյալ հայտարարվել է դեռևս մեկ տարի առաջ։ Եվ ընդհանրապես, այս կարգավիճակը մենք ձեռք ենք բերել ոչ թե մի քանի ամսվա աշխատանքի, այլ՝ 30-35 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ծրագրեր իրականացնելու արդյունքում»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքագետը նշեց՝ Կանզասի ծրագիրն, օրինակ, 2000-ականների սկզբից եղել է, ու դա հայ-ամերիկյան հարաբերություններում ռազմական համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է։ 

«Այնպես որ, սա ինչ-որ մեկ օրվա ձեռքբերում չէ, այն շարունակական աշխատանքի արդյունք է»,- ամփոփեց խոսքը քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նարե Գնունի