Պապոյանի մանիպուլյացիան և «հայտնագործությունը». արտաքի՞ն պարտք, թե՞ պետական պարտք

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, չգիտես ինչու, որոշել է լայվ մտնել և լույս սփռել ՀՀ հպարտ քաղաքացիների Հայաստան Հանրապետության ունեցած պարտքերի վերաբերյալ: Եվ մի «հայտնագործություն» է արել, որ Հայաստանի արտաքին պարտքը ոչ թե 12 միլիարդ դոլար է, այլ ընդամենը 5 մլրդ 962 մլն դոլար է:
Ու այս ամենը Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը հայտարարում է չափազանց ուրախ տոնայնությամբ, անիմաստ ու կեղծ ժպիտը դեմքին և ձեռքերը անկանոն թափահարելով: Մի հատ էլ ամեն թիվն արտաբերելիս կողքից ձայնային էֆեկտներ են ավելացրել զանգի ձևով, որ «հայտնագործության» էֆեկտը ավելի մեծ լինի:
Վերջում էլ հավելում է. «Եւ այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 թիվը, կա´մ տեղեկացված չեն, կա´մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»:
Իրականում, Գևորգ Պապոյանը որևէ նորություն չի հայտնում «սիրելի հայրենակիցներին» այդ 5 մլրդ 962 մլն թիվը հայտնելով: Դա հրապարակված թիվ է, և դա իրոք 2024 թվականի վերջին ամսվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքի չափն է: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանի արտաքին պարտքը 12 մլրդ է: Այդ 12 միլիարդը (իրականում 12 մլրդ 842.2 մլն դոլար) Հայաստանի ընդհանուր պետական պարտքի չափն է 31.12.2024 թ. դրությամբ, որի մեջ մտնում է Հայաստանի արտաքին պարտքը Պապոյանի ասած այդ շուրջ 6 միլիարդը, և ներքին պարտքը մոտ 6.4 մլրդ դոլար: Ընդ որում, այդ 12 մլրդ 842.2 մլն դոլար ընդհանուր պարտքի մեջ զգալի մասը 12 մլրդ 338.2 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է:
Հետևաբար, ոչ ոք չի ասել, թե Հայաստանի արտաքին պարտքը 12 մլրդ է, խոսքը Հայաստանի պետական պարտքի մասին է, և հիմա, իրականում, հենց Գևորգ Պապոյանն է մանիպուլացնում` հիմնվելով նրա վրա, որ գուցե շարքային քաղաքացիները չունեն բավարար գիտելիքներ Հայաստանի պետական պարտքի մասին և արտաքին պարտքը պետական պարտքից չեն տարբերում:
Պապոյանը, որ գուցե նոր-նոր սկսել է դրանք տարբերել, որոշել է մարդկանց, կամ ավելի շուտ իրենց ընտրազանգվածին այս հարցում ևս հիմարի տեղ դնել ու ցույց տալ, թե իրենց օրոք Հայաստանի պետական պարտքը, որի մեջ նաև արտաքին պարտքն է մտնում, միլիոնավոր դոլարներով չի աճել:
Վահե Մակարյան