Խոշոր կոռուպցիոն սկանդալ՝ քաղաքական հետևանքներով

Խոշոր կոռուպցիոն սկանդալ՝ քաղաքական հետևանքներով

Քովիդի դեմ պայքարի շրջանակներում խոշոր գումարներ են մսխվել, յուրացվել: Սրա մասին ընդդիմությունը, մասնագիտական շրջանակները բարձրաձայնում էին դեռ համավարակի օրերին, սակայն իշխանությունը հակադարձում էր՝ ատամներով պաշտպանելով պետական պատասխանատուներին:

Հիմա իրավիճակ է փոխվել. Հակառուպցիոն կոմիտեն ոչ միայն բացահայտումներ է անում, այլ նաև աղմկահարույց ձերբակալություններ, կալանավորումներ է իրականացնում: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ու ևս տասը անձ:

Եթե գործը սահմանափակվի այս շղթայով, հասարակության մեծ մասը չի վստահելու նախաքննության օբյեկտիվությանն. ի վերջո՝ բոլորը վստահ են, որ այդ օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Քովիդի դեմ պայքարի շտաբի պետ Տիգրան Ավինյանը չէին կարող անմասն լինել կոռուպցիոն գործարքներից, էլ չենք խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որի ստեղծած անձակենտրոն համակարգում որևէ որոշում չի կարող կայացվել՝ առանց բուրգի գագաթին գտնվողի գիտության:

Այս օրերին սկզբունքային է այդ հարցը՝ արդյո՞ք Գևորգ Սիմոնյանը դառնալու է այս իշխանության «Վազգեն Խաչիկյանը», թե՞ այս գործն ավելի մեծ «շնաձկի» է հասնելու:

Ի դեպ, կոռուպցիոն այս սկանդալն ակնհայտ քաղաքական բաղադրիչ ունի:

Շատերը պնդում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել Արսեն Թորոսյանին, ով ՔՊ վերջին համագումարում բացահայտեց վարչության ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքները:

Ըստ այս վարկածի՝ առաջիկայում ձերբակալվելու է նաև Թորոսյանը։

Մյուսներն ավելի առաջ են գնում՝ պնդելով, որ ներիշխանական «պատերազմի» իրական թիրախը Տիգրան Ավինյանն է, որն այլևս Փաշինյանի սրտով չէ ու ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններում, ի վերջո, կանգնելու է այլ թեկնածուի վրա:

Վահրամ Բագրատյան