Հայրենիքի համար պայքարը գումարով չի չափվում․ Արցախի ԱԺ պատգամավոր Գալստյան

Հայրենիքի համար պայքարը գումարով չի չափվում․ Արցախի ԱԺ պատգամավոր Գալստյան

Երբ տեղի կունենա Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նիստը․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։

«Մեր գործունեությունը շարունակվում է, Արցախի ԱԺ-ն կա և գործում է, պատգամավորները կան, մանդատները ունեն և մոտ ապագայում հերթական նիստ է գումարվելու։ Շատ հարցեր և առաջարկներ կան օրակարգի վերաբերյալ և աշխատանքային խորհրդակցության ժամանակ արդեն ամեն խմբակցություն իրա առաջարկներով օրակարգ կձևավորի և կշարունակի իր բնականոն աշխատանքը, թեկուզ հասրակական հիմունքներով»,- ասաց  Դավիթ Գալստյանը։

Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ իրենք իրենց գործունեությունը չեն դադարեցրել, որ հիմա էլ  պատկերացնեն, թե ինչպես են շարունակելու։ Պատգամավորի խոսքով՝ իրենք զբաղված են հայրենակիցների խնդիրներներին լուծումներ գտնելով։ Նա մեզ հավաստիացրեց, որ նիստը հաստատ լինելու է մինչև Նոր Տարի և բավականին շուտ, քանի որ գերակշռող պատգամավորների մեծամասնությունը կողմ է նիստի անցկացմանը։

«Իսկ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումներ լինում են և ընթացիկ հարցեր են քննարկվում։ Բայց Սամվել Շահրամանյանը ԱԺ-ի նիստ գումարելու կամ  չգումարելու հետ որևէ առնչություն չունի։ Նա ոչ խոչընդոտում է, ոչ էլ անհրաժեշտություն կա իր օգնությանը դիմել, որ նիստ գումարվի։ Սամվել Շահրամանյանը, որպես Արցախի նախագահ, ունի և՛ նստավայր, և՛ ընդունելություններ է կազմակերպում , և՛ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ լինում են թե՛ քաղաքական ուժերի հետ, թե՛ առանձին որպես պատգամավոր»,- ասաց Գալստյանը։

Ըստ նրա՝ կապ պահել կուսակցության որևէ պատգամավորի հետ առանձին չկա, բայց Գագիկ Բաղունց  հետ կապի մեջ են, տարբեր հարցեր քննարկվում են։ 
Իսկ աշխատավարձերի մասով, նա նշեց, որ պատգամավորները աշխատելու են թեև հասարակական հիմունքներով։

«Այսօր հայրենիքի համար պայքարը գումարով չի չափվում»,- եզրափակեց Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Մարիաննա Արամյան