3 մլն վարչապետերին չի կարելի նման վայրերում բնակեցնել․ Լարիսա Ալավերդյան

Բնակիչները պետք է շարունակեն ապրել այնտեղ, մինչև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՊՆ-ն, Միգրացիայի վարչությունը, ՄԻՊ-ը, հասարակական կազմակերպություններն ուսումնասիրեն այս պատմությունը դեպք առ դեպք։

Ամեն մեկն անհատ է, մարդ, զանգված չէ, ամեն մեկի մասին պետք է դոսյե ունենան, այո՛, Հայաստանում այսպիսի հազարավոր դեպքեր կարող են լինել, ո՞վ պետք է լուծի, չլինի՞ խաղաղության օրակարգի ներքո է դա լինելու։ Այս մասին այսօր ՊԵԿ-ի շենքի  դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ 

Ընդգծենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ, որպեսզի բնակիչներից ոչ մեկն անտուն չմնա։

«Ներքին անվտանգությունը պահանջում է, որ բոլոր բնակիչները լինեն պաշտպանության ներքո՝ յուր կառավարության կողմից։ Նրանց պետք է թույլ տան նորից մտնել իրենց բնակարաններ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե 12 ընտանիք բնակարան է ստացել, վերջինս պատասխանեց․

«3 մլն վարչապետերին չի կարելի այդպիսի վայրերում բնակեցնել, մարդավայել պայմաններ պետք է ունենան։ 2018 թվականին են այնտեղ բնակվել, հեղափոխությանը զուգահեռ, երբ իշխանությունը զավթում էր այս կամ այն շենքը»։

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են տան համար, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

Մանրամասները՝ տեսանյութում։