ՔՊ-Թուրքիա «մեղրամիսը» աղետալի է լինելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար

ՔՊ-Թուրքիա «մեղրամիսը» աղետալի է լինելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մի շարք դեսպանների է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը: 

ՀՀ քաղաքացիների անտեղյակության պայմաններում ՔՊ-Թուրքիա հարաբերությունների կարգավորում և ամրապնդում է տեղի ունենում՝ Հայաստանն այս ազգակործան գործընթացին չպետք է մասնակցի: Կուլիսներում ՔՊ-ականները հանդիպում են թուրքական իշխանությունների հետ՝ հավանաբար նախապատրաստելով նոր «նոյեմբերի 9»-ի կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ այս անգամ զիջումներ են արվելու Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիային:

Թուրքիան տարիներ շարունակ «նախկինների» օրոք Հայաստանի հետ էր խոսում նախապայմանների լեզվով՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում:

«Նախկինները» երբեք չէին համաձայնվի գնալ այսպիսի հայակործան զիջումների՝ դրա համար տեղի ունեցավ 2018թ.-ի «գունավոր հեղափոխությունն» ու իշխանության եկավ մի թիմ, ով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտացնում է կապերը՝ կապիտուլյացիա բառը քողարկելով «խաղաղության դարաշրջան» բառակապակցության միջոցով:

Սփյուռքը ևս պետք է ոտքի կանգնի, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայ դատի և հայոց պահանջատիրության հարցերը միշտ եղել են Սփյուռքի գործունեության առանցքը, հիմնասյունն ու հայապահպանության կարևոր գործոնը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած քայլ պետք է ստանա թե ՀՀ քաղաքացիների, թե Սփյուռքի համաձայնությունն ու այդ գործընթացը պետք է տեղի ունենա թափանցիկ՝ կուլիսային պայմանավորվածությունները կարող են վնասել հայկական ազգային, պետական շահերին:

ՔՊ-ի «խաղաղության դարաշրջանը» կարող է նոր աղետ բերել Հայաստանին, Արցախին և Սփյուռքին: Դա կանխելու միակ տարբերակը իշխանափոխությունն է և պետականամետ ուժերի իշխանության գալը:

Վահրամ Բագրատյան