Միհրան Պողոսյանին չեն ձերբակալել. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Միհրան Պողոսյանին չեն ձերբակալել. ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Երկու օր առաջ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: 

Տեղեկատվության աղբյուրը ռուսաստանյան տելեգրամյան ալիքներն էին, համաձայն որոնց` Միհրան Պողոսյանին Մոսկվայում կանգնեցրել է պետավտոտեսուչը, ստուգել նրա փաստաթղթերը, նրա մոտ եղել է փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, որից հետո Պողոսյանին ձերբակալել են և պատրաստվում են արտահանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: 

MediaHub-ի տեղեկություններով` Պողոսյանին, իրականում, ՌԴ իրավապահ մարմինները չեն ձերբակալել և, առավելևս, չեն պատրաստվում արտահանձնել:

Մեզ ասացին, որ Պողոսյանի ավտոմեքենան կանգնեցրել է պետավտոտեսուչը ճանապարհային կանոնների խախտման հետ կապված, պահանջել են փաստաթղթերը, որը տևել է բավականին երկար, քանի որ ինչ-որ խնդիրներ են եղել փաստաթղթերի հետ կապված: Այդ ընթացքում որոշակի վիճաբանություն է տեղի ունեցել Միհրան Պողոսյանի և ՌԴ պետավտոտեսչության աշխատակիցների միջև: Սակայն նրան ոչ ոք չի ձերբակալել, անգամ արգելանքի չեն վերցրել, և որոշ ժամանակ անց բաց են թողել: 

Մեզ ասացին նաև, որ Պողոսյանի մեքենան կանգնեցնելն ու նրա մեքենան ստուգելը կապ չի ունեցել ՀՀ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման հետ: 

MediaHub-ը կապ հաստատեց Միհրան Պողոսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը ոչ հերքեց մեր տեղեկությունը, ոչ հաստատեց, միայն ասաց. 

«Ես իր հետ կապի չեմ եղել այս օրերի ընթացքում և Ձեր նշածի հետ կապված` ձերբակալել են, թե ոչ, որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»

Մեր աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ տեղեկությունը տարածվել է երկու օր առաջ, սակայն միջադեպը տեղի էր ունեցել ավելի վաղ, և երբ տեղեկությունը տարածվել է, ամեն ինչ վաղուց ավարտված է եղել, նա ձերբակալված չի եղել:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը Մոսկվայում հաճախ լինում է «Արարատ Հայաթ» հյուրանոցում, և նրան այդ հյուրանոցում պատահական տեսել են նաև Հայաստանից ժամանած տարբեր հանրային դեմքեր ու պաշտոնյաներ, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ մեկնած ՔՊ-ականներ: 

Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպի» հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ ու նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին իրավապահները ավելի քան չորս տարի է հետախուզում են։ ՌԴ Գլխավոր դատախազությունն ավելի վաղ մերժել էր նրան արտահանձնելու Հայաստանի դիմումը։

Վահե Մակարյան