Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
ՔՊ համագումարը վարչություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։ Սրանով էր պայմանավորված, որ այդ պաշտոնի համար թեժ մրցում էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ Սակայն, ի զարմանս շատերի, Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։ Փամբուխչյանը մասնակցել է ԱՀ ԱԻՆ ծառայության կազմավորման 30-ամյակին, սակայն միջոցառումից հետո մնացել է եւ հետեւել բազմահազարանոց հանրահավաքին։
«Հրապարակ» թերթը գրում է․
ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։ Առաջին օրը քննարկվել է նաև պաշտպանության բյուջեն, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը: Այս անգամ նորույթ են կիրառել՝ բյուջեի դռնփակ քննարկմանը, Պապիկյանի ներկա գտնվելու պահին, ԱԺ ղեկավարությունը որոշել է, որ լրագրողները չպետք է կանգնեն նաեւ քննարկման դահլիճին մերձ միջանցքում, ինչպես անում են սովորաբար, որ դուրս եկողներին հարցեր ուղղեն։ Լրագրողներին վտարելու գործը ստանձնել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը:
Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար:
Նկատենք, որ, օգոստոս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 17 միլիոն 832 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին տրանսֆերտները շարունակել են այս տարվա օգոստոս եւ հուլիս ամիսների համեմատ աճել, բայց հունիս ամսվա համեմատ՝ այն զգալի նվազել է:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով, ՏՏ ընկերություններից շատերը ոչ միայն կրճատել են իրենց աշխատողներին, այլև փակվել կամ սառեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ ուղղակի փակման եզրին են։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Սարգսյանն ասել է, թե, իրենց կանխատեսումներով, 2023 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 %-ը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,-նշեց նա:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունների կողմից գնալով ավելի ու ավելի շատ գեներացվող և իշխանական որոշակի շրջանակների ու արևմտյան ֆինանսավորում ունեցողների կողմից կյանքի կոչվող հակառուսականության նոր ալիքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ աշխատուժի զգալի մասը հիմնականում Ռուսաստանի հետ է ուղղակիորեն կապված: Ըստ էության, մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել մասնավորաբար վիզային ռեժիմ մտցնելու, արտասահմանցիների, այդ թվում՝ հայաստանցիների համար աշխատանքային պայմանների խստացման տեսքով: Ընդ որում, այս մասին խոսակցություններ կան նաև Ռուսաստանի Դաշնությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ավանդաբար կառավարությունների ղեկավարներն են բյուջեները ներկայացնում խորհրդարանին. երեկ աննախադեպ էր, որ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար: Նա Սոչիում էր, խորհրդարանում կլինի վաղը եւ ելույթ կունենա:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեց մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք նա արել է նախորդ տարիներին նույն թեմայով ելույթ ունենալիս: Այս տարվա մայիսի 6-ին նա խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը եւ խոսեց պարգեւավճարների մասին, որոնք առկա են նաեւ հաջորդ տարվա բյուջեում:
«Հրապարակ» թերթը գրում է․
Եվ չնայած նոր վարչությունը ձեւավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձեւավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել՝ ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով, եւ վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները ոչ թե կուսակիցների, այլ կուսակցապետի ճաշակի ու վերաբերմունքի դրսեւորումն են։
Հիշենք, որ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո կրճատել է նաեւ վստահելիների շրջանակը։ Նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գեւորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթեւոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) եւ Ռոմանոս Պետրոսյան (386)։ Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ։
«Հրապարակ» թերթը գրում է․
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ե՛ւ խմբակցությունը, ե՛ւ ՀՀԿ-ականներն անպայման մասնակցելու են Դիմադրության շարժման ակցիային: «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը եւս նշեց, որ կուսակցությունը մասնակցելու է հանրահավաքին, քանի որ դա Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը պահելու հանրահավաք է:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցածն ուղղակի հակասում է իրենց որդեգրած «խաղաղության գործընթացին», ընդգծել, որ տեղեկատվական դաշտում պրոարցախյան ալիքը մեղմելու համար շատ կազմակերպված քայլեր պիտի ձեռնարկվեն։ Արդյունքում արդեն երկու օր է՝ սոցցանցերում ընդգծված հակաարցախյան գործընթաց է սկսվել, որի նպատակն է ամեն կերպ վարկաբեկել Արցախն ու արցախցիներին, և տեղի ունեցող գործընթացը հերթական անգամ «վեկտորել» դեպի նախկին իշխանություններ:
«Իրավունք» թերթը գրում է.
«Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ նոր աշխատակազմ է ձեւավորում: Այս առումով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ նրան հաճոյանալու եւ նոր աշխատակազմում տեղ գտնելու համար:
Ի դեպ, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, Ռուբեն Վարդանյանն առաջին հերթին փոխելու է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին: Այս պահի դրությամբ կան տեղեկություններ, որ ԿԳՄՍ նախարարի պորտֆելը կստանձնի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը»: