Երջանկություն, որ տևեց 33 օր

Սուրեն Հայրիյանը Ասկերանից է։ Զորացրվելուց հետո որոշել էր ծառայությունը շարունակել Ազգային անվտանգության համակարգում, այնուհետև՝ աշխարհազոր ուժերում։
Սուրենը մեծացել է զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Մխիթար Հայրիյանը ևս ՊԲ երկարամյա ծառայող է։ Մասնակցել է արցախյան պատերազմներին, վերջին 2-ը՝ որդու հետ։ Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ հայր ու որդի կռվի դաշտում են եղել։ Սրբուհի Հայրիյանը MediaHub-ի հետ զրույցի ընթացքում հաճախ ցույց է տալիս ընտանեկան նկարները, սրբում արցունքները, ասում.
«Սա նախորդ կյանքից է, երբ երջանիկ էինք, բոլորս ներկա էինք ու մեր տանն էինք»:
Հետո պատմում է ընտանիքի գլխով անցած արհավիրքը։ Սուրենն իր սիրելիի՝ Լիանայի հետ ամուսնացել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Արցախի համար չափազանց բարդ ու ճակատագրական ժամանակահատվածում, երբ երկիրը պաշարման մեջ էր, իսկ հումանիտար ճգնաժամն օր-օրի ավելի էր խորանում։ Երջանկությունը, սակայն, տևեց ընդամենը 33 օր։
«Երբ հայրս ու եղբայրս անվնաս տուն եկան, էլ ոչինչ աչքներիս չէր երևում, մեր հայրենիքը իրենք էին։ Մենք հավաքել ենք մեր անհրաժեշտ իրերը և պատրաստվում էինք առաջին հնարավորության դեպքում դուրս գալ. դա հորս կայացրած ամենաբարդ որոշումն էր, սակայն, ընտանիքը փրկել էր պետք։ Վառելիք չունեինք։ Մեր թաղի տղամարդիկ Ասկերանի բենզալցակայանում սպասել են ժամերով, ասել էին, որ մեծ մեքենայով վառելիք կբերեն։ Հետո լուրեր տարածվեցին, որ Հայկազովում առանց հերթի տրամադրում են, էդպես պապաս Սուրենի հետ գնացին այդտեղ, հետո տեղի ունեցավ պայթյունը»,- պատմում է Սրբուհին։
Ըստ մեր զրուցակցի` այդ օրը ուժեղ անձրև էր տեղում՝ կայծակի ուղեկցությամբ։ Ժամեր հետո ընտանիքը լսել է պայթյունի մասին։ Սրբուհին առաջինը Սուրենին է զանգել, ապա հորը։ Կապ հաստատել վերջիններիս հետ հնարավոր չի եղել:
«Երկար փորձերից հետո Սուրենի հեռախոսին հնարավոր եղավ զանգել, բայց ուրիշը պատասխանեց, ասաց` «հասեք հիվանդանոց»։ Մեր հարևանի ավտոմեքենայով հասել ենք հանրապետական հիվանդանոց։ Հորեղբայրներս էլ դեպքի վայրում պապայիս են փնտրել։ Բժիշկներն ասացին, որ Սուրենի այրվածքները շատ են, 3 անգամ սրտի կանգ է գրանցվել, հետո կոմայի մեջ ընկել, բայց բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել։ Պարզվեց, որ Սուրենն իր ոտքով է դուրս եկել փոսից, հիվանդանոցում խոսում էր, ասաց՝ «գնացեք պապային փնտրեք, քանի դեռ ողջ է»», -պատմում է մեր զրուցակիցը։
Չնայած այրվածքներին, Սուրենն առավոտյան զանգում է տուն, պատմում երազը, ասում, որ տեսել է հորը, «ողջ է, փնտրեք դեպքի տարածքում»։ Իր համար սառը ջուր է խնդրել։ Կինը՝ Լիաննան, ջուր է հասցնում վերակենդանացման բաժանմունք, հետո Սուրենը մյուս պացիենտների հետ ուղղաթիռով ճանապարհվում է Երևան։
«Այդ ընթացքում մայրս անբացատրելի ապրումներ ուներ։ Հորեղբայրներիս ու մեր ընտանիքի ընկերների հետ սկսեցինք պապայի որոնումները։ Այդ ժամանակ թուրքերն արդեն հասել էին Իվանյան և բլոկ-պոստ տեղադրել ճանապարհին։ Հորեղբայրներիս ընտանիքների հետ մենք վերցրել ենք մեր իրերը և դուրս եկել։ Մեծ դժվարությամբ ենք հասել Ստեփանակերտ, ադրբեջանցիները ստուգել են մեր մեքենաները, իսկ ճանապարհները խցանված էր»,- պատմեց նա։
Ինչևէ, ընտանիքը հաղթահարում է ևս մի փորձություն և դժվարությամբ, բայց հասնում են Երևան։
Մայրը՝ տիկին Մարիան, Սուրենի կնոջ հետ մտնում են հիվանդասենյակ։ Սուրենը կոմայի մեջ է։ Լիանան սկսում է զրուցել ու պատմել համատեղ երազանքների մասին, հույս է տալիս, որ ամեն բան լավ ավարտ կունենա։ Հաջորդ օրը նաև քույրն է մտնում, խոսում են հետը, ասում են՝ «պիտի լավանաս, դեռ պապա ու քեռի պիտի դառնաս»։
Սրբուհին ասում է, որ այդ ժամանակ Սուրենը զգում էր ամեն ինչ, որովհետև լացել է։ Օր օրի Սուրենի առողջական վիճակն ավելի էր վատանում։ «Միքայելյան» հիվանդանոցում դարձյալ սրտի կանգ է գրանցվում, հետո վերականգնվում է։
Սրբուհին հիշում է. «Վերջին օրը բժիշկների թույլտվությամբ Սուրենի կինն ու մորաքույրը մտնում են պալատ։ Լիաննան նորից հուսադրող խոսքեր է ասում, ուժ է տալիս, անգամ ասում է՝ «Սուրո՛, պապադ ճանապարհին ա, գալիս ա»։ Բայց եղբորս սիրտը կանգ է առնում, ու անհնար է լինում վերականգնել»։
Մխիթարն ու Սուրենն անցան պատերազմներով ու աղետի զոհ դարձան։
Որդին հուղարկավորվեց Եռաբլուրում, իսկ օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, հաստատվեց նաև Մխիթարի ԴՆԹ թեստը։
Ընտանիքը ցանկանում է, որ ՊԲ երկարամյա ծառայողի համար ևս տեղ հատկացնեն զինվորական պանթեոնում՝ որդու կողքին։
Հունան Թադևոսյան