Շտապ օգնության վարորդը հետ էր նայում ու լաց լինում իմ վիճակից․ պատերազմի ականատեսը
Սվետլանա Հարությունյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի բժշկուհիներից է։ Մեկը այն նվիրյալներից, որ հավատարիմ մնալով իր տված «Հիպոկրատի երդմանը», անցել է 2 պատերազմների փորձություններով, կյանքեր է փրկել, որքանով որ հնարավոր է եղել։
Սեպտեմբերի 19-ին բժշկուհին Ստեփանակերտում չի եղել։ Մեկ օր առաջ հանձնել է հերթափոխն ու գնացել Մարտունի։
«Սեպտեմբերի 19-ը մեր ընտանիքում միշտ իմաստավորվել է որպես առաջին ազատամարտում զոհված հորեղբորս հիշատակի օրը։ Տարիներ անց նույն օրը ծնվեց եղբորս աղջիկը։ Դա նշան էր, որ պետք է առաջ նայենք, կյանքը շարունակենք։ Բլոկադայի պատճառով ծնունդը քաղաքում նշելու հնարավորություն չկար։ Գյուղ գնացող մեքենա կար ու գնացի այնտեղ։ Եղբայրս փորձում էր մսի հարցը լուծել, մենք՝ աղջիկներով հայթայթեցինք, որ երեխային ուրախացնելու համար տորթ պատրաստենք, կանայք՝ այլ ուտեստներ։ Գրեթե ամեն ինչ պատրաստ էր, երբ լսեցինք առաջին պայթյունը»,- պատմում է բժշկուհին։
Աղջկա տարեդարձն այդպես էլ չկայացավ։ Հարազատներն իջել են նկուղ։ Սվետլանան ասում է, որ ավագները փորձում էին հանգստացնել լացող երեխաներին, ասել, որ դա պատերազմ չէ, որ կայծակի ու որոտի ձայն է։ «Մեկ օր այդ ձայների տակ մնացել ենք նկուղում, իսկ ես մտքերով Ստեփանակերտում էի, գիտեի, որ հիվանդանոցը հաստատ իմ կարիքը կունենա։ Բացի այդ, փեսացուս զինվորական էր, իսկ ես մտածում էի բոլորի մասին։ Բայց կապ չկար։ Ադրբեջանի բանակն առաջինը խփել է կապի միջոցներին։ Միայն օրեր անց եմ իմացել, որ մենք անհետ կորած էինք համարվում, մեզ փնտրել են, բայց կապ չեն կարողացել հաստատել»,- ասում է մեր զրուցակիցը։
Երիտասարդ բժշկուհու տեղում կայացրած որոշումը դարձավ բախտորոշ շատ ու շատ վիրավորների համար։ Չնայած հարազատների հորդորներին՝ Սվետլանան եղբոր ուղեկցությամբ Հերհերից փորձում է ոտքով ճանապարհվել Ստեփանակերտ։ Գիտակցելով, որ ադրբեջանցիները փակել են միջշրջանային ճանապարհները, նրանք որոշել էին գնալ անտառային՝ այլընտրանքային ճանապարհներով։ «Այդ օրը չստացվեց, քանի որ գնալով թեժանում էր կրակի ինտենսիվությունը, իսկ եղբայրս հերթապահության էր համագյուղացիների հետ։ Հետո, երբ կրակն աստիճանաբար նվազեց, և խոսվում էր հրադադարի մասին, ես անընդհատ մտածում էի՝ ո՞րն է լինելու գինը։ Ես չէի ուզում մտածել հայրենիքի կորստի մասին, անընդհատ ասում էի ռուս խաղաղապահներն ինչ-որ բան կանեն․․․ այնինչ...»,- հիշում է մեր զրուցակիցը։
Սեպտեմբերի 21-ին առավոտյան ոտքով նորից ճանապարհվել են, իր խոսքով՝ չգիտեին որտե՞ղ ու ինչպե՞ս։ Կապի բացակայության պատճառով չգիտեին` ի՞նչ է կատարվել։ Ճանապարհին հանդիպել են եղբորը ծանոթ հրամանատարներից մեկին։ Վերջինս իր մեքենայով բժշկուհուն ուղեկցել է Ճարտար, ապա Մարտունի։
«Հիվանդանոցում ամեն ինչ կանոնակարգված էր։ Բժիշկները բավականին լավ աշխատում էին։ Տեսա նաև ինձ ծանոթ մարդկանց, ովքեր նախօրեին Ստեփանակերտից էին եկել բուժօգնություն ցուցաբերելու համար, հետո ճանապարհները փակվել են և շրջանը մեկուսացել էր մայրաքաղաքից։ Ես արագ լծվեցի աշխատանքին, քանի որ վիրավորները շատ էին։ Ինձ թվում էր, որ Ստեփանակերտ տանող ճանապարհներն այլևս չեն բացվելու, և ես երբեք չէի տեսնի իմ սիրելի մարդկանց»։
Այդ օրը Կարմիր խաչը նախաձեռնեց ծանր վիրավորներին տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։ Դա միակ հույսն էր, որ բժշկուհին կարող էր գնալ։
«Ծովատեղի գյուղապետը ծանր վիրավորում էր ստացել։ Հետագա բուժումը Մարտունիում կազմակերպել հնարավոր չէր։ Նրան դիրքերից եղբայրս է տարհանել, մի կերպ հասցրել էին հիվանդանոց, ես էլ պետք է նրան Ստեփանակերտ հասցնեի։ ԿԽՄԿ-ի աշխատակիցները չբացառեցին մեր գնալը, բայց նաև չհերքեցին բուժաշխատողների հարցաքննումը, անգամ գերի տանելու հավանականությունը։ Մարտունի-Ննգի ճանապարհով շարժը բավականին ռիսկային էր։ Մենք արեցինք դա»։
Ստեփանակերտ հասնելուց հետո Սվետլանա Հարությունյանն իր ցանկությամբ մեկնում է Մարտակերտ՝ վիրավորներին այնտեղից տեղափոխելու համար, քանի որ ԿԽ կազմակերպությունը զգուշացրել էր, որ անպայման բժիշկ պետք է ուղեկցի վիրավորներին. ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները շատ են։
«Ես կամավոր իմ ցանկությամբ գնացի։ Երբ հասանք Կիչան գյուղ, տեսանք, որ դրանից հետո ադրբեջանական բլոկպոստեր են տեղադրված։ Իրենք բավականին մանրամասն զննեցին մեր ավտոմեքենան։ Իրենց պահվածքով ու հայացքով ցույց էին տալիս, թե «Արցախի տերը մենք ենք»։ Ամեն կերպ փորձում էին խոչընդոտել մեր առաջընթացը։ Ճանապարհի ամբողջ երկայնքով լքված մեքենաներ էին, ապակիներին կրակահերթերի հետքեր, մի քանի մետր հեռու թափված մանկական հագուստ ու իրեր։ Ե՛վ առաջ էինք գնում, և՛ անընդհատ նայում այդ սարսափին, անընդհատ հարց էի տալիս՝ «տեսնե՞ս ինչեր են արել»»։ Ինչևէ, Մարտակերտում սպասում էին «փրկության մեքենային»։
Բժշկուհին հասնում է տեղ ու տեսնում հիվանդանոցը լեփ-լեցուն, վիրավորները շատ են, իսկ բժիշկներն ամեն ինչ արել են նրանց կյանքի համար։
«Նրանցից մեկը ծանր էր և միացված էր արհեստական շնչառական ապարատը։ Մեքենան կահավորված չէր արհեստական թթվածնային ապարատով։ Ճանապարհին տեսա, որ շարժական թթվածնային ապարատի մեջ թթվածինը շատ քիչ է։ Դրմբոն տանող ճանապարհին այն հասավ 0 նիշին։ Ի՞նչ անել։ Գործի դրեցի Ambu կոչվող սարքը, որն աշխատում է ձեռքի սեղմումով, դրանով փորձում էի ապահովել թթվածինը, պահպանելու կենսական կարևոր ցուցանիշը։ Մի վայրկյան չսեղմես սարքը, պացիենտը շնչահեղձ կլինի։ Շտապ օգնության վարորդը մեկ-մեկ հետ էր նայում ու լաց լինում իմ վիճակից։ Երբ ձեռքերս այլևս չէին աշխատում, մեր մյուս մեքենայից բուժակներից մեկը եկավ օգնության»,- հիշում է Սվետլանան։
Մինչև սեպտեմբերի 28-ն Արցախում մնացած փոքրաթիվ բժիշկների հետ Սվետլանան եղել է պատերազմի մեջ։ Դիրքերում և քաղաքացիական բնակավայրերում բուժօգնություն ցուցաբերելուց բացի մի նոր փորձություն էր բենզինի պահեստում տեղի ունեցած աղետը։
«Այդ օրվանից հարցեր մի' տվեք, չեմ ուզում հիշել, որովհետև ինքս չգիտեմ` ի՞նչ էր դա։ Դա իմ կյանքի, մասնագիտական պրակտիկայի ամենածանր օրն էր։ Այդ տեսարաններն ու ձայները երբեք չեմ մոռանա»,- ասում է նա։
Երևան տեղափոխվելուց հետո Սվետլանա Հարությունյանն աշխատանքի է ընդունվել տեղի բուժհաստատություններից մեկում։ Զանգերի պակաս չունի։ Մարդիկ զանգում ու իրենց երախտագիտությունն են հայտնում նրան՝ վերստին կյանք պարգևելու համար։ Սվետլանան իր սիրելիի՝ Դավիթի հետ պատրաստվում են շուտով ամուսնանալ։
Հունան Թադևոսյան