Ադրբեջանն ավերում է Մարիամաձոր գյուղը․ Արցախի ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ

«Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը»,- MediaHub-ի հետ զրույցում ահազանգում է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը՝ նշելով, որ Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր:
«Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի դարձավ տելեգրամյան ալիքներից մեկի կողմից 2025 թ. փետրվարի 4–ին հրապարակած լուսանկարից: Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է»,- նշում է նա։
Ավանեսովը հիշեցնում է, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը տարիներ առաջ պետական մակարդակով ոչնչացրեց Ջուղայի (Նախիջևան) հազարամյա խաչքարերը և մնաց անպատիժ։ Բնավ էլ անսպասելի չէ, որ նույնը կատարվելու է բռնազավթված Արցախում, որտեղ Ադրբեջանն իրեն վերապահում է գործողությունների ազատություն։
«Եվ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք մեզ կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար»,- նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ առաջիկայում այս մասով ավելի մեծ աշխատանքներ են իրականացնելու։
Հունան Թադևոսյան