Առաջնորդը չի «նշանակվում»՝ ծնվում է

Արդեն ավանդական դարձած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանն այսօր ասել է, թե մեկնարկած շարժումն ապակենտրոն, ցանցային է ու ընդգծված առաջնորդ չունի։
Վանեցյանի գնահատականն արդարացված է։
Նախ, նման մոտեցումն արդարացված է ու դասեր է քաղված անցյալի փորձից։ 44-օրյա պատերազմից հետո, ընդդիմադիր քաղաքական ուժերի համախումբը ստեղծեց «Հայրենիքի փրկության շարժում» դաշինքը, որի առաջնորդ ու անցումային կառավարության վարչապետի թեկնածու հռչակվեց Վազգեն Մանուկյանը։ Ամենևին չենք ուզում կասկածի տակ դնել Մանուկյանի քաղաքական փորձառությունը, մարդկային, բարոյական որակները, բայց Հայաստանում այսօր չկա գեթ մեկ գործիչ, ով ունենա բացարձակ բարձր վարկանիշ, ըստ այդմ՝ ում վրա էլ կանգ առնի միասնական ընդդիմության ընտրությունը, ընդդիմադիր բազմաթիվ շերտեր դժգոհ են մնալու ու մեծ հաշվով՝ օտարվելու են գործընթացից։
Ուրեմն, ավելի արդյունավետ է, որպեսզի ընդդիմության առաջնորդը, վարչապետի հնարավոր թեկնածուն ի հայտ գա ոչ թե կուսակցական ժողովներում կամ դաշինքային ֆորմատներում, այլ քաղաքական գործընթացի ընթացքում՝ հանրության մասնակցությամբ։ Դրան նպաստում է շարժման ապակենտրոն, ցանցային բնույթը, երբ ընդդիմադիր բոլոր ուժերը, գործիչներն, այսպես ասած, ինքնադրսևորման դաշտ ունեն, լոկալ հարթակներ՝ գլոբալ օրակարգի շրջանակներում։
Շարժումների լիդերները ծնվում են գործընթացի հաջող ընթացքի պարագայում՝ առաջադրված օրակարգի, հանրային տրամադրությունների բնական դրսևորման արդյունքում։ Բացի այդ, նկատենք, որ ընդդիմադիր այս շարժումը հռչակել է զարգացման լեգիտիմ ընթացք, իսկ դա ենթադրում է, որ նոր իշխանությունն, ի վերջո, ձևավորվելու է արտահերթ ընտրությունների ճանապարհով, ասել է թե՝ հասարակության «միջամտության» հետևանքով։
Վահրամ Բագրատյան