ՔՊ-ն չկարողացավ «գողանալ» Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամին

Քիչ առաջ ավարտվեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստը: MediaHub-ը տեղեկացավ, որ ՏԸՀ-ն հաստատել է ավագանու մանդատից հրաժարված Կարեն Բադալյանի դիմումը և նրա մանդատը փոխանցել ցուցակով հաջորդ համարի թեկնածու Նարեկ Միրզոյանին:
Հիշեցնենք, որ Կարեն Բադալյանը ավագանու նախորդ նիստին հայտարարել էր «անձնական պատճառներով» մանդատից հրաժարվելու մասին: Հետո փոշմանել էր և որոշել էր դիմումը հետ վերցնել` միաժամանակ հայտարարելով, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» ֆրակցիայից և մնում ավագանու անկախ անդամ: Մանդատից հրաժարվելուց հետո դիմումը հետ վերցնելու իրավունք, սակայն, Կարեն Բադալյանը չուներ, և տարածքային ընտրական հանձնաժողովը չէր ուզում արձանագրել Բադալյանի կողմից մանդատից հրաժարումը, որ այդ մանդատը հետո տրամադրեր ցուցակում հերթական համարի թեկնածուին: Այսօր բարձրացած աղմուկի և լրատվամիջոցների ճնշման ներքո, ի վերջո, «գողոնը», այսինքն` ՔՊ-ի կողմից ենթադրաբար գողացված մանդատը վերադարձվեց «Մեր քաղաքը» դաշինքին: Նշենք, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամներն ու դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը մտավախություն ունեին, որ ՔՊ-ն «վերբովկա» է արել իրենց ավագանու անդամին և ուզում է նրան «գողանալ» ու իր կողմը քաշել, ինչը, փաստացի, չստացվեց: