«Որքան պետք է, կսպասենք, միայն թե վերադառնան»... Բաքվում այսօր կշարունակվի Արցախից գերեվարվածների դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։ Հիշեցնենք, Բաքուն վերջիններիս մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և ըստ այդ երկրի՝ մի շարք այլ «հանցանքների» համար:
MediaHub-ի հետ զրույցում Նաիրա Բալայանն ասաց, որ չնայած ամուսինը՝ Լևոն Բալայանը երեկ է զանգահարել, իրենք լրատվամիջոցներից են իմացել, որ հերթական դատավարությունն այսօր է։
«Հեռախոսով մենք շատ հարցեր չենք տալիս, ընդամենը հետաքրքրվում ենք միմյանց որպիսությամբ, առողջականով, տրամադրությամբ, սպասումների մասին ենք խոսում, ինքն էլ երեխաներից է հարցնում։ Ճիշտն ասած չի ասել, որ այսօր դատավարության օր է։ Նույնիսկ չգիտեմ՝ իրե՞նց դատն է, թե՞ ղեկավարության։ Բայց կարծում ենք՝ դատավարությունը դեռ երկար ընթացք է ունենալու»,- ասաց Նաիրան։
Ամուսնու մասին խոսելիս Նաիրան անընդհատ աղոթում է, որ մի հրաշքով Լևոնն ու մյուս գերեվարված անձինք օր առաջ տուն վերադառնան։ Նրանց սրտատրոփ սպասում են։
46-ամյա տղամարդը 3 անչափահաս երեխա ունի։ Նա գերության մեջ է հայտնվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լեռնաանտառային հատվածից, իսկ ընտանիքն Արցախի հայաթափումից հետո հաստատվել է Արտաշատի Մրգավան գյուղում։
«Արդեն 1 տարի 4 ամիս սպասում ենք։ Որքան պետք է, էլի կսպասենք, միայն թե իմանանք, որ կվերադառնան, կհասնեն մեզ, շատ ենք կարոտում։ Չնայած զանգելու հնարավորություն կա, բայց ուզում ենք մեր կողքին լինեն»,- հավելեց Նաիրա Բալայանը։
Հունան Թադևոսյան