Արցախյան հիմնախնդրի չկարգավորման գլխավոր պատճառն այն է, որ երբևէ քննարկման առարկա չի դարձել՝ ե՞րբ է ծագել կոնֆլիկտը

Արցախյան հիմնախնդրի չկարգավորման գլխավոր պատճառն այն է, որ երբևէ քննարկման առարկա չի դարձել՝ ե՞րբ է ծագել կոնֆլիկտը

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ ամյակի առթիվ ներկայացրել է իր հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» քառալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն գիրքը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում: 

Սա հեղինակի՝ Արցախին նվիրված 2-րդ, իսկ կոնֆլիկտի վերաբերյալ՝ առաջին գիրքն է։ Հեղինակը մանրամասն անդրադարձել է հակամարտության ծագմանն ու պատճառներին։

«Արցախաադրբեջանական կոնֆլիկտի չկարգավորման գլխավոր պատճառներից մեկն այն է, որ երբևէ քննարկման առարկա չի դարձել թե ի վերջո ե՞րբ է ծագել կոնֆլիկտը։ Գիտեք, դա նման է մի իրավիճակի, երբ հիվանդ մարդուն բժիշկն առանց ախտորոշելու և հիվանդության ծագումը պարզաբանելու սկսում է մտածել բուժման մասին։ Հիմա մեր հիմնախնդրի լուծման պարագայում՝ մոտավորապես նույն իրավիճակն է։ Ինչպես ժամանակն ու իրականությունը ցույց տվեցին, հնարավոր չեղավ լուծելու կոնֆլիկտը առանց դրա ծագումն իմանալու»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` մանրամասնելով դրա ժամանակագրությունը։

«Հակամարտությունը ծագել է 1918 թվականին, երբ Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից 1918թ. մայիսի 28-ին հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է արհեստական, կեղծ մի կազմավորում, որը, յուրացրելով հարևան Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը, կոչվել է «Ադրբեջանի Հանրապետություն»»։

Գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթերի, ինչպես նաև պատմաքաղաքագիտական գրականության հիման վրա առաջին անգամ ամբողջական ձևով գրքում ներկայացված են հակամարտության ծագումն ու դրա կարգավորման հնարավոր ուղիները: Գիրքը հասանելի է երևանյան գրախանութներում։

Հունան Թադևոսյան