Մրցանակի առաջադրման ժամկետը չի կարող երկարաձգվել

Մրցանակի առաջադրման ժամկետը չի կարող երկարաձգվել

Նոբելյան կոմիտեն չի կարող երկարաձգել Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման ժամկետը, որն ավարտվել է հունվարի 31-ին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլավ Նյոլստադը։

Նա այս պատասխանը տվել է անցյալ շաբաթ մի խումբ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հրապարակված նամակը մեկնաբանելու խնդրանքին: Հիշեցնենք, որ գործիչները նախաձեռնել էին երկարաձգել մրցանակի առաջադրման վերջնաժամկետը, որպեսզի թեկնածուների թվում ընդգրկվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի ժողովուրդը:

«Մինչ օրս Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն չի ստացել այն նամակը, որի մասին դուք խոսում եք: Ընդհանրապես, Կոմիտեն չի կարող երկարաձգել Խաղաղության մրցանակի առաջադրման ժամկետը, որն ավարտվել է հունվարի 31-ին: Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն առաջադրել իրենց թեկնածուներին Կոմիտեի առաջին պաշտոնական տարեկան ժողովից առաջ: Այս տարի այն տեղի է ունեցել է փետրվարի 28-ին»,- ասել է նա։

Կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 343 թեկնածու, որոնցից 251-ը անհատներ են, 92-ը՝ կազմակերպություններ։ 

Հիշեցնենք, որ եվրոպացի քաղաքական գործիչները «պատմական աննախադեպ զարգացումների լույսի ներքո» Խաղաղության Նոբելյան մրցանակի կոմիտեին կոչ էին արել  վերանայել 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման գործընթացը և հայտի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել մինչև մարտի 31-ը: