Ադրբեջանը հողին է հավասարեցնում Հայրենական պատերազմի հուշակոթողները, իսկ Մեհրիբան Ալիևան պարգևի է արժանանում

Ադրբեջանը հողին է հավասարեցնում Հայրենական պատերազմի հուշակոթողները, իսկ Մեհրիբան Ալիևան պարգևի է արժանանում

Վաղը մայիսի 9-ն է, Մեծ հաղթանակի 80-ամյա տարեդարձը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից հետխորհրդային բոլոր երկրներում մինչ օրս պահպանվում է հաղթանակ կերտած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները։ Այն խնամքով պահպանվում էր նաև Արցախում։

«Մենք այլևս չենք զարմանում Ադրբեջանի սանձարձակության, միաժամանակ Ռուսաստանի լռության վրա։ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ հողին է հավասարեցնում նաև Հայրենական պատերազմի հուշակոթողները։ Փաստեր արդեն ունենք Շուշիից, Բերձորից, օրերս հայտնի դարձավ, որ ամբողջությամբ ոչնչացվել է Վանք գյուղի հուշարձանը, որի կողքին նաև արցախյան պայքարում նահատակված վանքեցիների հուշապատն էր ու խաչքար։ Այս անթաքույց իրադարձությունների  ֆոնին, Ռուսաստանի հոգևոր առաջնորդը պարգևի է արժանացրել Ադրբեջանի առաջին տիկին, նախագահի տեղակալ Մեհրիբան Ալիևային։ Հետևաբար ի՞նչ իմաստ ունի հաղթանակի տոնը այդքան մեծ շուքով նշելը, երբ դա ամեն կերպ  արժեզրկվում է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը։ 

Նշենք, որ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի առաջին փոխնախագահ Ալիևային Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրումը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։ 

«Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ, եկեղեցիներից ջնջվում է հայկական հետքը՝ հայոց կրոնական օջախները աղվանացվում։ Չգիտեմ` ի՞նչ որակում կարելի է տալ այս ամենին, քան հայկական քրիստոնեության դեմ Ադրբեջանի շարունակվող մշակութային ցեղասպանության քարոզարշավի հավանություն»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան