«Խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերը չեն կարող մոռացության տալ մեր հաղթանակները

«Խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերը չեն կարող մոռացության տալ մեր հաղթանակները

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․

«Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական ոգու տոկունության և հանուն արդարության ու ազատության մղված պայքարի պսակի գոհարներից:

80 տարի առաջ նաև հայ ազգի զավակների արյամբ է կերտվել Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը, որն ապահովել է հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի փրկված պատառիկում:

33 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ ու Արցախի Պաշտպանության բանակի ստեղծմամբ հայի ազատատենչ կամքն է ձևավորել հանուն արդարության ու անկախության իր պայքարի ուխտը:

Այդ հաղթանակներում հայ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց անմահ անունն են դաջել հերոսների փառքի մատյաններում: Հավերժ փա՛ռք նրանց:

Ցավոք, այսօր փորձ է արվում, խեղաթյուրելով պատմությունը, նսեմացնել այս տոների կարևոր խորհուրդը, և ջնջել այն մեր ժողովրդի հիշողությունից` դրանով իսկ անելանելիություն, կամազրկություն ու պարտվողականություն ներարկելով հանրային տրամադրություններում և մտածելակերպում:

Հանուն սին խոստումների և պատրանքային ու կեղծ «խաղաղության օրակարգի» ազգակործան ծրագրերը սպասարկող ներկա կառավարիչների ջանքերը չեն կարող մոռացության տալ մեր հերոսներին և մեր հաղթանակները:

Մենք իրավատե՛ր ենք մեր հաղթանակների: Մեզ ֆաշիզմից պաշտպանած և Շուշին ազատագրած հայորդիները արժանի՛ են հավերժական մեծարանքի ու փառաբանման: Մեր պատմության հերոսական էջերի վառ հիշատակումը ի չիք է դարձնելու հայ ազգին ծնկի բերելու թշնամական ցանկացած ծրագիր: Ի հակառակ նոր ժամանակների զավթիչների՝ հայկական հետքը ոչնչացնելու քաղաքականության, հայոց բերդաքաղաքը պատմության մեջ և մեր հիշողություններում մնալու է որպես Արցախի մշակութային ու հոգևոր կենտրոն, իսկ 1992թ. մայիսի 9-ից՝ նաև ռազմական արվեստի, հայկական ոգու և արիության փայլուն օրինակ:

Դժբախտաբար, ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով: Սակայն հանուն իրական խաղաղության, ազատության ու անկախության, սեփական հայրենիքում արարելու և ապագան կերտելու հաստատակամությամբ տոգորված հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին ու հավատարիմ անցյալի հաղթանակներին:

Շնորհավո˜ր Եռատոնդ, հա՛յ ժողովուրդ»: