Փաշինյանը կա՛մ պետք է դատվի, կա՛մ ներկայացնի անմեղսունակության տեղեկանք

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում կատարեց միանգամից երեք հանցանք։ Առաջինը՝ վիրավորեց ՀՀ քաղաքացուն (կապ չունի, որ նա ընդդիմադիր, թե իշխանական պատգամավոր է), անվանելով համբալ։ Երկրորդը՝ սպառնաց թե’ ժեստով, ցույց տալով վիզը կտրելու շարժում, թե’ խոսքով, հասկացնելով, որ ընդդիմադիրներին կարող է կախել կամ լցնել ԱԱԾ «պադվալները»։ Եվ երրորդը՝ չարաշահեց լիազորությունները՝ ուղիղ հրահանգ իջեցնելով իրավապահ մարմիններին՝ հարկ եղած դեպքում ըննդիմադիրների նկատմամբ հարուցել քրեական նոր գործեր, իսկ դատավորներին կարգադրեց կայացնել կալանքի վճիռներ։
Նրա խոսքի մնացած հատվածները ընդամենը 2018 թվականի «լիրիկայի» կրկնությունն էր, ուղղված իր արդեն չեղած ընտրազանգվածին։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր սպառնալիքներն ի կատար ածելու հող նախապատրաստեց, հղում անելով ժողովրդին ու կալանքի ապագա վճիռները ներկայացնելով որպես հասարակական պահանջ, ինչն, իհարկե, կեղծիք է, քանի որ այս պահին միակ ձևավորված հասարակական պահանջն իր հեռացումն է։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խախտեց պաշտոնյային վայել կոռեկտությունը, ինչը նույնպես քննության առարկա պետք է դառնա։ Նրա վարքագծին պետք է տրվի ոչ միայն քաղաքական գնահատական, այլև այդ վարքագիծը պետք է ունենա նաև քաղաքական հետևանք։
Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը «կրթվելը նորաձև է» անվան տակ հավակնում են կրթել հասարակությանը, հետևաբար կրթողների՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի վարքագիծը, պետք է օրինակ ծառայի բոլորի համար։ Դրան գումարենք, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարն է ու շարքային քաղաքացիների համար նրա քաղաքական պահվածքը, խոսելաձևն ու բառապաշարը նույնպես պետք է օրինակելի լինի։
Հիմք ընդունելով Պլատոնի ասածը, որ «չկա կրթություն, ինքնակրթությունից» բացի ու հետևելով իշխող զույգի հորդորներին, որոշեցի զարգացնել իմ քաղաքական գիտելիքները, հարստացնել իմ քաղաքական բառապաշարը, որպես օրինակ ունենալով երկրի ղեկավարի բառամթերքը։ Ուստի հորդորում եմ ընդդիմությանը դատի տալ այդ համբալին, միանգամից երեք հոդվածներով (վիրավորանք, սպառնալիք ու լիազորությունների չարաշահում), իսկ հանրությանը խնդրում եմ օր առաջ համախմբվել՝ այսօրվա համբալ իշխանությունից, իրենց համբալ ղեկավարով հանդերձ ազատվելու համար։
Կարեն Կարապետյան