ԿԳՄՍՆ-ն չի ընդառաջի Պուշկինի անվան դպրոցի բոյկոտին 

ԿԳՄՍՆ-ն չի ընդառաջի Պուշկինի անվան դպրոցի բոյկոտին 

Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրենի պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ից։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ ի պատասխան մեր հարցման:

«Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինս, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողաքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,- հայտնեցին նախարարությունից։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8  հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել. տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի»,– նշեցին ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հիշեցնենք, այսօր առավոտյան MediaHub-ը ահազանգ էր ստացել, որ Պուշկինի անվան դպրոցում դասադուլ և բոյկոտ է, ծնողներն ու ուսուցիչները բողոքում են դպրոցի տնօրենին փոխելու դեմ:

Իրավիճակը թեժ էր, տնօրեն Նատալյա Ստեփանյանի պաշտպանության համար ծնողներն ու մանկավարժական կոլեկտիվը ստորագրահավաք էր նախաձեռնել:

ԿԳՄՍՆ–ից մեզ նաև ասացին․ «Դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։ Դպրոցի տնօրենի թափուր տեղի համալրումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով»։

Հավելենք, որ ժամը 19։00-ին ծնողներն ու ուսուցիչները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հրավիրել են դպրոց` քննարկման։

Մարիաննա Արամյան