Մասնագետն անվանել է խմելուց հետո գլխացավի դեմ նախընտրելի նախաճաշ

Ալկոհոլը խաթարում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեությունը, զգուշացրել է սննդաբան Կարա Շոուն։
Metro-ի հետ զրույցում նա անվանել է մի նախաճաշ, որը օգնում է արագ վերականգնվել ալկոհոլ օգտագործելուց հետո։
Շոուն նշել է, որ օրվա առաջին կերակուրը, երբ մարդ գլխացավ ունի, պետք է ծառայի երկու հիմնական գործառույթի՝ իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և աջակցել լյարդին, որը գերծանրաբեռնված է ալկոհոլը քայքայելու աշխատանքով: «Այս նպատակների համար անհրաժեշտ է ամինաթթուներով, B վիտամիններով և սպիտակուցներով հարուստ սնունդ»,- նշել է բժիշկը։
Մասնագետի խոսքով՝ լավագույն նախաճաշը կլինի ցանկացած ձևով եփած երեք ձու, ձիթապտղի յուղի մեջ տապակած սունկ, կես ավոկադո, լոլիկ և ֆետա պանիր։ Նա բացատրել է, որ ֆետա պանիրը և ձվերը կապահովեն օրգանիզմը սպիտակուցով և կտան ուժ։ Բացի այդ, ձվերը պարունակում են խոլին, որը օգտակար է լյարդի աշխատանքի համար։
Սննդաբանը նաև հավելել է, որ բանջարեղենը կօգնի ավելի արագ հաղթահարել թունավորման ախտանիշները։ Նա պարզաբանել է, որ ավոկադոն կալիումի և E վիտամինի աղբյուր է, սնկերը պարունակում են B վիտամիններ, իսկ լոլիկը, եթե եփվի, ունի հակաբորբոքային ազդեցություն։
Շոուն նաև նշել է, որ նույնիսկ այդքան թեթև նախաճաշը չպետք է ուտել արթնանալուց անմիջապես հետո։ Նա խորհուրդ է տվել սպասել մոտ 90 րոպե՝ գլյուկոզի մակարդակը նորմալացնելու համար, որը բարձրանում է գարեջրից, քաղցր կոկտեյլներից և այլ ալկոհոլային խմիչքներից հետո։