Նոր հակահայկական քարոզ․ ադրբեջանական դպրոցները կդասավանդեն ընդհանուր թյուրքագիտություն առարկա

Ադրբեջանական դպրոցներում կդասավանդեն նոր առարկա՝ ընդհանուր թյուրքական պատմություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամուրլաեւը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ընդհանուր թյուրքական պատմության դասագիրքը մշակման փուլում է»,-ասել է նա։
Ի՞նչ բովանդակություն կարող է ունենալ այդ դասագիրքը, արդյոք սա հակահայ քարոզչության հերթական փու՞լն է․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ։
Նրա խոսքով՝ այդ առարկան լինելու է հակահայկական քարոզչության գործիքներից մեկը, բայց սպասելի է, որ այն պարունակելու է նաև հակառուսական և հակամիջինասիական տարրեր։
«Այն պնդումները, որ արդեն կան ադրբեջանական պատմագրության գրքերում, թե իբր Ադրբեջանն է քաղաքակրթության հիմնասյունը, որ իրենք են Ամերիկան հայտնաբերել, որ իրենք են մաթեմատիկան հայտնագործել, արդեն ավելի խորացված են մատուցվելու։ Դա ցնդաբանություն է, որը կմատուցվի համաթուրքականությամբ, այսինքն՝ Ալիևը փորձում է նաև լավություն անել, այսպես կոչված, Օսմանական կայսրության ղեկավար Ռեջեփ Էրդողանին, որն ընդամենը հարավային վրացի է»,- նշեց ադրբեջանագետը։
Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ՝ այդ առարկայի ավելացումը դպրոցական ծրագրերում շատ բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ հակահայ քարոզչությունը, այսպես թե այնպես, իրականացվում է։
«Այնտեղ արդեն վաղուց խայտառակ վիճակ է, արդեն սերունդներ են մեծացել, որոնք հպարտանում են հայ սպանելու իրենց պատրաստակամությամբ։ Չէ՞ որ Ալիևն էլ է հպարտանում, որ սերունդ է մեծացրել, որի համար հայ սպանելը հպարտություն է»,- նկատեց ադրբեջանագետը։
Այս համատեքստում Այվազյանը ցավալի է որակում հանգամանքը, որ նորելուկ պետություն Ադրբեջանը որդեգրել է հստակ ազգային գաղափարախոսություն և դրանով է առաջնորդվում, իսկ Հայաստանն այս պահին անգամ սեփական գաղափարախոսությունը չունի, մեր իշխանությունները գնում են հայոց պատմությունը ջնջելու ճանապարհով, Հայոց եկեղեցուց հեռանալու ուղով։
Նարե Գևորգյան