«Սաղ տոչնի ա»․ արմավիրցի Գերասը մինչև վերջին պահը չի ասել, որ Սանասարում է, թեժ մարտերի մեջ

Գերասիմ Ահարոնյան․ նույն ինքը՝ Գերաս։ Արմավիրցի ժպտերես տղայի մասին հարազատները խոսում են նրա սիրելի գրողի՝ Սևակի տողերով՝ նշելով, որ Գերասը ո՛չ ուշ եկավ, ո՛չ էլ՝ ուշացած։

«Մեծ հայրենասեր էր, չէր հանդուրժում անարդարությունը, միշտ պայքարում էր դրա դեմ։ Գերասը պարզ ու լուսավոր, կյանքով լեցուն մարդ էր, բարի, խելացի, յուրահատուկ տեսակ` լի նպատակներով ու ձգտումներով։ Եվ դրանք իրագործելու ճանապարհին կանգնեց դաժան պատերազմը»,- ասում են տղային ճանաչողները։

Գերասը մեծ ձգտում ուներ գիտելիքի հանդեպ։ Հաճախ էր ասում․

«Գիտելիքով են մարդիկ տարբերվում»։

Եվ պատահակա չէ, որ տղայի նպատակներից մեկն էր՝ մնալ պատմության մեջ այնպես, որ Գերաս անունը տարածվի։ Հարազատները տեսախցիկի մոտ չեն խոսում, սակայն տղայի հարազատ բակի ամեն անկյունում մեկը մյուսին հիշեցնում էր, թե որքան բովանդակալից էին Գերասի հետ զրույցները։ Ընկերներն էլ պատմում են՝ նա նման էր կյանքի բազում փորձություններ հաղթահարած տղամարդու։ Անգամ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանում էր իր լուսավոր ժպիտով ու մարդամոտությամբ շտկել իրավիճակը։ Սիրում էր հետաքրքիր մտքերն ու գաղափարները հանձնել թղթին.

«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով», «Ես համոզված եմ, որ հայ հերոսները եղել են, այժմ էլ կան ու միշտ կլինեն որպես հպարտություն ու պարծանք հայ ժողովրդի համար»։

Գերասիմ Ահարոնյանը հոկտեմբերի 3-ից եղել է Ջրականում, մասնակցել թեժ մարտերի, սակայն հարազատներից թաքցրել է, այդ փաստը։ Զանգելիս տագնապի ու վախի ոչ մի նշույլ չի եղել, բոլոր հարցերին մի պատասխան է տվել՝ «սաղ տոշնիյա»։ Հերոսաբար մարտնչելուց հետո հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ԱԹՍ-ի հարվածից անմահացել է Սանասարում։ Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։