Նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ ՌԴ-ի. մանրամասներ Արևմուտքի ղեկավարների կայացրած որոշումներից

Բրյուսելն իր հարկի տակ էր հավաքել Արևմուտքի լիդերներին, որտեղ անցկացվում էր ՆԱՏՕ-ի,  Եվրամիության և «Մեծ յոթնյակի» արտահերթ գագաթնաժողովը:

Գլխավոր թեման Ուկրաինայում ընթացող Ռուսաստանի «հատուկ ռազմական օպերացիան» էր:  Արևմուտքը ցանկանում է, ինչպես Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է ասել, «տնտեսական սանկցիաներով էլ ավելի սեղմել պնդօղակը Ռուսաստանի ռեժիմի կոկորդին»:

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին Կիևից տեսակապով դիմել է ՆԱՏՕ-ի լիդերներին:

Նա պնդել է, որ Պուտինը բնավ մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում: Հաջորդը կլինեն Բալթյան երկրները, հաստատ՝ նաև Լեհաստանը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ ընդգծել է, որ Ուկրաինան ունի իր ապագան ընտրելու, այդ թվում՝ դաշինքներին միանալու իրավունք, այդ առումով ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի արտաքսմանը «G-20»-ից, փաստելով, որ անդամներից ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ «Մեծ 20»-ը բազմակողմ կառույց է, և մի շարք երկրներ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Ռուսաստանի անդամության հարցում ունեն անկախ դիրքորոշում»:

Այսպիսով որոշվեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային` մասնավորապես, տրամադրելով զենք և սարքավորումներ, սակայն զորք չեն ուղարկի Ուկրաինա, ինչպես նաև՝ ոչ թռիչքային գոտի չի հայտարարվի։ Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ այդ քայլերը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի զորքերի միջև ուղիղ առճակատման սպառնալիքներ կստեղծեն։