Մեկ ժամվա մեջ փրկարարական 11 ուղղաթիռ եմ հաշվել երկնքում․ ռուս-ուկրաինական պատերազմը ավելի է ահագնանում   

Մեկ ժամվա մեջ փրկարարական 11 ուղղաթիռ եմ հաշվել երկնքում․ ռուս-ուկրաինական պատերազմը ավելի է ահագնանում   

Ռուս-ուկրաինական պատերազմում իրավիճակն օր օրի ավելի է լարվում։ Բանը հասել է նրան, որ կողմերն այլևս ոչինչ չեն զիջում։ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերը հարվածել են եկեղեցուն, ավերել գմբեթը, իսկ ռուսական օդուժը ռմբակոծել է Խարկովի ինստիտուտներից մեկը։ 

«Սարսափած ենք։ 2 անչափահաս երեխաներիս հետ Շկուլինկա գյուղից մեկ շաբաթ առաջ ուղղաթիռով տեղափոխեցին մեզ Արմավիր քաղաք։ Այստեղ բավականին հանգիստ է, բայց, միևնույն է, մեր տեղը չենք գտնում։ Մեր տունը, տնտեսությունը թողել-եկել ենք։ Ամուսինս այնտեղ է, բայց պատերազմը շարունակվում է։ Կուրսկ քաղաքը, հարակից գյուղերը դատարկվել են, մարդիկ ապրում են տարբեր հասցեներում»,- MediaHub-ին պատմում է Կուրսկի մարզի բնակիչ Անուշ Բաղդասարյանը։  

Մեր զրուցակիցը զարմանում է, որ ռուսական Արմավիր քաղաքում ոչ ոք տեղյակ չէ պատերազմի մասին։ Մարդիկ ապրում են անտարբեր, սառնասիրտ են տեղահանվածների նկատմամբ։ 

«Ճիշտ է, Ռուսաստանի կառավարությունը հոգում է մեր ապրուստի ծախսը, բայց վախենում եմ` չվերադառնամ իմ տուն։ 12 տարի է ամուսնացել ու Սոլովուշկա գյուղից տեղափոխվել եմ Շկուլինկա։ Այնտեղ ամեն ինչ այնքան խաղաղ էր։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի մի օր կգա»,- ասում է նա։ 

Անուշն ասում է, որ Արմավիրում, որտեղ ապաստանել են տեղահանվածների մի մասը, պատերազմի լրջությունը չեն ընկալում։ Տեղացիները կարծում են, թե պատերազմն ընթանում է Ուկրաինայի տարածքում, և որ Ռուսաստանի սահմանն անառիկ է։ 

«Երեկ 1 ժամվա մեջ 11 հատ փրկարարական ուղղաթիռ եմ հաշվել երկնքում։ Ասում եմ՝ «գիտե՞ք, զոհեր ու վիրավորներ են տեղափոխում», տեղացի մարդիկ ծիծաղում են ինձ վրա, ասում են՝ «не распространяйте панику»։ Ռուսական լրատվամիջոցներում բացակայում է պատերազմի մասին լուրերը, ինտերնետ կապը բավականին թուլացել է։ «Յութուբն» ընդհանրապես հասանելի չէ, մի խոսքով՝ քարոզն այնպես է տարվում, որ մարդիկ չիմանան ինչ է կատարվում սեփական երկրում»,- վշտանում է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը։ 

Անուշի ամուսինը որպես ՌԴ քաղաքացի հաշվառված է Կուրսկի տարածքային զինկոմիսարիատում։ Հայ տղամարդիկ քիչ թիվ չեն կազմում Ռուսաստանում։ Անկախ ազգային պատկանելիությունից՝ նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն և անհրաժեշտության դեպքում կմասնակցեն պատերազմին։

Հունան Թադևոսյան