Հեղափոխությունն ընդամենը կործանման սկիզբն էր․ Հայաստանի ապագայի համար իշխանությունն ընտրել է կործանման ճանապարհը

«Հիմա ինձ ստիպում եք մեկնաբանել մի մարդու, կամ մի իշխանության ներկայացուցչի, ովքեր 6 տարի խաբում ու մոլորեցնում են ժողովրդին։ Այս իշխանության օրոք ժողովուրդն ապրեց իր ծաղկունքը, թվում էր դա ոգու հաղթանակ էր, այնինչ՝ հեղափոխությունն ընդամենը կործանման սկիզբն էր։ Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն համարձակն էր, որի ժամանակ հնչեց «Արցախը Հայաստան էր ու վերջ» և «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան էր ու վերջ» արտահայտությունները»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց կանադահայ հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ երեկ արված հայտարարությունները։
Սիմոնյանն իր ելույթում հայտարարել է թե Հայաստանը կապ չունի Արցախի հանձման հետ, և որ Արցախը լուծարվել է ստորագրությամբ նախագահ Շահրամանյանի։
«Արցախը հանձնվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այդ փաստաթղթի տակ ստորագրել է մի մարդ, ում արցախցին չի ընտրել, և ոչ ոք հաշվի չի նստել ժողովրդի հետ։ Ի՞նչ է ստացվում․ այդ փաստաթղթով թշնամուն հանձնվեցին շրջաններ, կարևորագույն դիրքեր ու բարձունքներ, Արցախը թողնվեց լիակատար շրջափակման մեջ, ՀՀ իշխանությունը դիտորդի պես օտարի աչքով սկսեց հետևել թե ինչպես են կոտորում իրենց հայրենակիցներին։ Պրահայում արված հայտարարությունը թե՝ «ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը», պետական դավաճանություն է, հարված թիկունքից»,- ասում է Այնթափլյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե իշխանությունն անկեղծ գտնվի ժողովրդի հետ, ապա գոնե իրեն արդարացնելու համար պետք է հայտարարի «Արցախը զոհաբերվեց, որ ապրի Հայաստանը»։
«Գոնե այդպես այլևս կարելի է վիժեցնել «հայաստանցի-ղարաբաղցի» պլինտուսից ցածր արտահայտությունը։ Հերոսական այդ ժողովուրդն ամեն օր նոր խնդրի է բախվում արցախցի լինելու համար։ Եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են։ Սպասենք բումերանգի օրենքին»։
Սիմոնյանն ասում է՝ Պրահայում արված հայտարարության նպատակը ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի ինքնիշխան պետության պահպանումն էր։ «Ու սա ասում է մի երկրի օրենսդիր մարմնի ղեկավար, որի սուվերեն տարածքն ադրբեջանցիները գրավել, նոր դիրքեր են կառուցել ու ամեն օր սպառնում են մեզ։ Վերջում էլ իրենից գոհ այդ մարդը հայտարարեց, որ Արցախի հանձնումը Հայաստանի հաղթանակն է։ Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Արցախն ուրացողը փրկություն չունի։ Սրանք Հայաստանի Հանրապետության ապագայի համար ընտրել են ամենակարճ՝ կործանման ճանապարհը»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան