«Մա՜մ, դու ուժեղ ես, չէ՞, պիտի դիմանաս, մա՜մ»... տանկիստ Լեոնիդը ևս դարձավ կրակի զոհ

«Մեկ օրվա մեջ կյանքս գլխիվայր շրջվեց ու ամեն ինչ դարձավ՝ Լեոնիդից առաջ ու հետո». MediaHub-ի հետ զրույցում Լուչաննա Դադայանը պատմում է իր դժվար կյանքի, մինուճար որդուն միայնակ մեծացնելու, բանակ ճանապարհելու մասին և թե ինչպես մի օր Լեոնիդը մորը շշնջաց․ «Մա՜մ, կներես: Ուժե՛ղ կաց»:
«Ուրախ-ուրախ բանակ ճանապարհեցի: Ծառայում էր Իվանյանի տանկային բրիգադում: Լեոնիդը չէր թողնում, որ հաճախակի այցելեի նրան, դրա համար օրվա մեջ մի քանի անգամ զանգում էի, ձայնը լսում, հետո անցնում գործի: Իրար հետ շատ էինք կապված, նկարներ էր ուղարկում, ես էլ հպարտանում էի, որ տղաս տանկիստ է»,- պատմում է մայրը:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ Ստեփանակերտում տագնապային տրամադրություններ էին, Լուչաննան զանգահարել է որդուն, ասել, որ քաղաքում խոսում են պատերազմի մասին: Ինքն էլ մեջբերելով հայտնի հումորը, մորն ասել է․ «Շենքում էլ ինչ են խոսում» ու ծիծաղել, հավաստիացնելով մորը, որ իրենք մշտական տեղակայման վայրում են ու ամեն բան կարգին է:
«Կեսօրին, երբ սկսվեց պատերազմը, Լեոնիդի հետ կապ հաստատել չկարողացա: 4 օր շարունակ ոչ մի լուր: Սպասումներից արդեն խելագարվել էի: Սեպտեմբերի 22-ին հերթական զանգն եմ անում, զարմանալիորեն կապ կար ու պատասխանեց հրամանատարը: Նա վստահեցրեց, որ Լեոնիդը ողջ է, ասացի՝ ի՞նչու ինքը չի պատասխանում, ասաց, որ մենակ իր հեռախոսում կա «զարյադկա», ինքն էլ հիմա մի քիչ հեռու է: Բնականաբար, ես չէի հավատում, մտածում էի, որ հրամանատարն էլ գիտի, որ ես այս կյանքում ոչ ոք չունեմ, իմը Լեոնիդն է, չեն ուզում ցավեցնել»,- հիշում է Լուչաննան:
Հաջորդ օրը Լեոնիդը ձայնային հաղորդագրություն է ուղարկել մորը: Պատերազմի առաջին օրը հրամանով տանկային ստորաբաժանումը մարտ է վարել Մարտունու շրջանի Ննգի գյուղի հարակից տարածքում:
«Ձայնային հաղորդագրությունը պահում եմ խնամքով, ասել էր՝ «մամ «պանիկավատ» մի արա, ես լավ եմ, մի վիրավոր ունենք, բայց «զասադի» մեջ ենք, մեզ իջեցնելու են, չմտածես, խնդրում եմ հանգիստ եղիր», ու այդտեղ ուրախությանս չափ չկար»:
Մեկ օր անց Լեոնիդ Բեգլարյանը վերադարձել է դիրքերից: Մայրն ասում է՝ այնքան ամուր է գրկել, որ զգացել է՝ տղան էլ իրեն է շատ կարոտել: «Երեկոյան սկսեցինք հավաքել մեր իրերը, ընթացքում հարցեր էի տալիս պատերազմից, իր տեսածից, բայց չէր պատասխանում, հիմնականում լռում էր, կամ ծանր շունչ քաշում, հետո, երբ տեսնում էր սրտնեղում եմ, մի լավ բան կասեր, հումոր կաներ ու լռությունը կցրեր: Պայմանավորվել էինք, որ կգանք Հայաստան, ուսումը կշարունակեր Բժշկական համալսրանում, աշխատանք կգտնենք, կապրենք: Իրերը հավաքելիս մեծ դժվարությամբ բերեց իր փոքր տարիքի գլխարկը, նկարները, զինվորական մի քանի իր ու ասաց՝ «մամ, սա ինձանից հիշատակ կպահես, վախենում եմ Հակարի կամրջին ինձ ձերբակալեն»: Ես էլ վախեցա դրանից, քանի որ այդպիսի խոսակցություններ կային»,- որդու ամեն խոսքն ու բառը ամեն օր հիշում է Լուչաննա Դադայանը:
Սեպտեմբերի 25-ին հարազատներին տեսնելու և հրաժեշտ տալու օրն էր, երբ մորաքրոջ տանը զանգ ստացավ, դուրս եկավ, ու հետո Լուչաննան իմացավ սարսափելի պատահարի մասին:
«Երբ իմացա այդ անիծյալ պայթյունի լուրը, չեմ հիշում ինչպես, բայց հասա դեպքի վայր. ամենուր Լեոնիդ էի փնտրում, երբ բժշկից հաղորդագրություն ստացա, թե եկեք 350 պալատ: Մենք հարազատներով շտապեցինք այնտեղ, տղաս այրված էր, ցավ էր քաշում, բայց ցույց չէր տալիս, անընդհատ խոսում էր, ասաց՝ «մամ, կներե՞ս ինձ», ես ասացի՝ «ինչի՞ համար», պատասխանեց՝ «ամեն ինչի համար կներես: Դու ուժեղ ես, չէ՞, պիտի դիմանաս մամ»»:
Հետո մտքերով է ընկել, սկսել պատմել իր ծառայությունից՝ «Մա՛մ, մտի՛ր տանկի մեջ, այնտեղ ապահով է, թող հորքուրն էլ գա, բոլորդ եկեք», նորից սթափվել ու ասել է՝ «մեջքս է թեթև ցավում, բայց կդիմանամ, մենակ թե ուժեղ մնամ»։ «Դա եղավ նրա վերջին խոսքը»,- հիշում է մայրն ու որդու կորստի ցավից աղեկտուր լաց լինում:
Հետո է Լուչաննան հասկացել, որ որդին ներողություն էր խնդրում մորը միայնակ թողնելու համար: Այժմ նա ոչ ոք չունի: Հիվանդ մորը խնամելուն զուգահեռ, Լուչաննան ամեն օր իր պարտքն է համարում այցելել Եռաբլուր, զրուցել որդու հետ, ու բազմաթիվ հարցերին պատասխան չստանալով՝ վերադառնալ Երևանում վարձակալած իր բնակարան:
Հունան Թադևոսյան