ՔՊ-ի «խաղաղության դարաշրջանը»՝ Բաքվին նորանոր զիջումների «ճանապարհային քարտեզ» է

ՔՊ-ի «խաղաղության դարաշրջանը»՝ Բաքվին նորանոր զիջումների «ճանապարհային քարտեզ» է

Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ մասին պատասխանելով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին հարցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ականների «խաղաղության դարաշրջանը» անդադար հողային զիջումների, Ադրբեջանի պահանջների կատարման «ճանապարհային քարտեզ» է: Փաշինյանը փաստացի չի հերքում, որ հնարավոր է Բերձորի հանձնումը Բաքվին՝ այնտեղ ապրող հայերը պետք է դառնան փախստական, իսկ ապագայում՝ գաղթական: Գործող իշխանությունները չեն լուծում Արցախի փախստականների հարցերը՝ նույն ճակատագրին են արժանանալու նաև Բերձորի և մյուս բնակավայրերի քաղաքացիները: 

Արցախը հայաթափվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում իշխանության են ՔՊ-ականները: ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում Բերձորի հանձնումից հետո ապագայում տեսնել Սյունիքի հայաթափումը, պետք է օր առաջ ոտքի կանգնեն, միանան ընդդիմության պայքարին և հեռացնեն գործող իշխանություններին:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ հայոց պետականության վերացումն է՝ հայերի արտագաղթը Հարավային Կովկասից և եթե ՀՀ քաղաքացիներն իրենց պասիվությամբ ամրապնդեն ՔՊ-ականների իշխանությունը, այդ աղետալի սցենարը մի քանի տարի անց կարող է իրականություն դառնալ:

Հայաստանի կողմից տարածքային նորանոր զիջումները թշնամուն ընկալվելու են որպես թուլության նշան՝ իր ցավալի հետևանքներով հայկական ազգային, պետական շահերի համար: ՔՊ-ականները շարժվում են նեղ անձնական, կուսակցական շահերով՝ գերնպատակը ոչ թե Արցախի փրկությունն է և Շուշիի հետբերումը, այլ ամեն գնով իշխանության պահպանումը: 

Հանուն հայոց պետականության փրկության ՔՊ֊ի հեռացումը պետք է հնարավորինս շուտ իրականություն դառնա։

Վահրամ Բագրատյան