Փաշինյանը «պատերազմ» հայտարարեց սեփական ընտրազանգվածին

Փաշինյանը «պատերազմ» հայտարարեց սեփական ընտրազանգվածին

«Անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն: Թվում է, թե մենք նախորդ դարի 1-ին կեսին այդ պրոբլեմը հաղթահարել ենք, բայց հիմա եկեք առերեսվենք այդ պրոբլեմի հետ: Անգրագիտությունն արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում»,- երեկ կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստացի վարչապետի հայտարարությունը բավականին ուշագրավ է ու կարող է դիտարկվել մի քանի հարթության վրա։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն, այսպես կոչված, օխլոսն է, որը կրթական, մտավոր որակներով, մեղմ ասած, չի փայլում։ Փաշինյանը փաստորեն որոշել է անզիջում պայքար մղել իր էլեկտորատի դեմ։ Եթե վերանա անգրագիտությունը, գործող իշխանությունը կզրկվի էլեկտորալ ռեսուրսից։

Եթե խնդիրը դիտարկում եք այս տեսանկյունից, ապա կարելի է նաև արձանագրել, որ Փաշինյանը դադարել է ամբոխին սիրաշահելու քաղաքականությունն ու այլևս ապավինում է միայն ոստիկանության, ուժային այլ մարմինների աջակցությանը։

Մյուս կողմից, Փաշինյանը հասարակության «անգրագիտության» մասին փաստացի հիշեց այն պարագայում, երբ ողջ երկրում հասունանում է նրա հրաժարականի պահանջը, տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ։ Այլ խոսքով՝ Փաշինյանը, կարծես, ակնարկում է, թե «անգրագետներն» են պահանջում իր հրաժարականն՝ այսպիսով փաստացի պիտակավորելով ողջ ժողովրդին։

Իհարկե, հասարակության մեծամասնությունն արդեն վաղուց լուրջ չի վերաբերում Փաշինյանի որևէ խոսքի ու այնքան էլ կարևոր չէ՝ կոնկրետ դեպքում ինչ է նկատի ունեցել վարչապետը։

Մյուս կողմից, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերը սկսում է ընթացիկ կարևորագույն հարցերի մասին հրապարակային խոսքով, հայտարարություններով։ Երեկ նա առհասարակ չի անդրադարձել երկրում սկիզբ առած հուզումներին, թերևս՝ «ջայլամի» կեցվածքը լավագույնը համարելով ստեղծված իրավիճակում։

Վահրամ Բագրատյան