Սյունիքում 16 դպրոց ընդամենը մեկական առաջին դասարանցի կունենա

Վաղը կմեկնարկի նոր ուսումնական տարին։ Արցախյան վերջին պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզում 16 դպրոց ընդամոնը մեկական առաջին դասարանցի կունենա։ Այդ դպրոցներից են, օրինակ, Քաջարանի թիվ 6-ը, Շիկահողի միջնակարգը, Օխտար, Ճակատեն, Ծղուկ, Դաստակերտ, Սալվարդ, Լոր, Որոտան, Լծեն գյուղերի միջնակարգերը։
Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց՝ դեռևս հայտնի չէ՝ կա՞ն արդյոք մարզում այնպիսի դպրոցներ, որոնք ընդհանրապես առաջին դասարանցի չեն ունենալու։
Սակայն նա փորձեց փոքր֊ինչմեզմել պատկերը.
«Այս պատկերը այդքան էլ արտասովոր չէ մեզ համար, միշտ էլ մենք մոտ 15 դպրոց ունենում ենք, որ ընդամենը մեկ առաջին դասարանցի է ունենում։ Ու հիմնականում հենց նույն դպրոցներում է նույն վիճակն արձանագրվում»,- ասաց Գանդալյանը։
Ըստ Գանդալյանի՝ դպրոցներում առկա վիճակն ավելի պարզ ու տեսանելի կդառնա, երբ կոմպլեկտավորում ներկայացվի։
«Դեռևս փաստաթղթավորված չունենք, և դպրոցների տնօրենները չեն ներկայացրել կոմպլեկտավորումներ։ Այսինքն՝ սեպտեմբերի 15-ից հետո պարզ կդառնա՝ ինչ վիճակ է»,- ներկայացրեց նա։
Ինչ վերավերում է 2023 թվականին շրջանավարտ չունեցող դպրոցներին, ապա Մերի Գանդալյանն ասաց, որ մոտ հինգ դպրոց այս տարի 12-րդ դասարանցի չունի, և դա ևս սովորական պատկեր է մարզի համար։
Նարե Գնունի