ՀՀ քվոտայով նախարարները ԵՏՀ-ում լքում են պաշտոնները. ի՞նչ որոշում ունի Երևանը

ՀՀ քվոտայով նախարարները ԵՏՀ-ում լքում են պաշտոնները. ի՞նչ որոշում ունի Երևանը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա արդեն տաս օրից՝ դեկտեմբերի 25-ին: Դրան անդամ-պետությունները մասնակցում են երկրի ղեկավարների մակարդակով:

Այս նիստի ինտրիգներից մեկն այն է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը  կմասնակցի, քանզի վերջին ամիսներին ՌԴ-ի հետ համատեղ բոլոր միջոցառումներին, այդ թվում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը հրաժարվել է մասնակցությունից այս կամ այն պատճառաբանությամբ:

Ռուսական կողմը բարձր մակարդակով՝ նախագահի օգնական Ուշակովի շուրթերով հայտարարել է, թե Երևանից դրական ազդակներ ունեն, որ Փաշինյանը այս անգամ կժամանի ՌԴ: Բայց պաշտոնական Երևանը դեռ հստակություն այս հարցում չի մտցրել:

Մեկ այլ ինտրիգ էլ կա մեզ համար. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ քվոտայով երկու նախարարները՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը  և ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը լքելու են իրենց պաշտոնները և այս պահի դրությամբ հայտնի չէ, թե ովքեր նրանց կփոխարինեն:

Երևանում չեն շտապում անուններ հրապարակել, թեկնածուները դեռ հայտնի չեն: Երևանը չի կարող չնշանակել նախարարներ և, ըստ էության, հրաժարվել քվոտայից, բայց կարող է ձգձգել նշանակումը, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի դեպքում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Վիկտոր Բիյագովը հետ էր կանչվել ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից և մինչ այս պահը ՀՀ-ն ներկայացուցիչ այդ կառույցում չունի: Ըստ էության, ՀԱՊԿ-ում Երևանը սառեցրել է իր անդամակցությունը՝ «հարցերը շատ են, պատասխաններ չկան» պատճառաբանությամբ:

Կառավարությանը մոտ կանգնած MediaHub-ի աղբյուրը նշեց, որ Երևանը չի պատրաստվում ո՛չ հրաժարվել նշանակումից, ո՛չ էլ ձգձգել այն: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի դեպքում Երևանը դժվար թե նման կտրուկ քայլերի գնա, քանի որ Հայաստանի տնտեսությունը բավականին լուրջ առաջընթաց է արձանագրել անդամակցության տարիների ընթացքում, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը: Այդպես, միայն 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ԵԱՏՄ երկրներից մաքսատուրքերի միջոցով ստացել է 34,3 մլրդ դրամ: Եվ սա ընդամենը մի փոքրիկ թիվ է:

Ըստ էության, 10 օրից հայտնի կդառնան նոր նախարարների անունները, որոնք հունվարից կանցնեն աշխատանքի: