Գավառի տներից մեկի բակում Chevrolet է այրվել. ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծրունի եղբայրներ փողոցի թիվ 7 հասցեում գտնվող կիսակառույց շինության տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գսպեյանին պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհն առաջացել:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: