Հայաստանը՝ բռնապետության ճանապարհին 

Հայաստանը՝ բռնապետության ճանապարհին 

Առնվազն 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում հաստատվեց, այսպես կոչված, կայուն զարգացող ավտորիտարիզմի ռեժիմ:

Գուցե պարադոքսալ հնչի, բայց ինչքան խորանում են Նիկոլ Փաշինյանի իշխանության հարաբերությունները հավաքական Արևմուտքի, նրա պետությունների և կառույցների հետ, այնքան Հայաստանում սահմանափակվում են դեմոկրատական ազատությունները: Թվացյալ այս պարադոքսն ունի ներքին տրամաբանություն. մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերը միշտ առաջնային են եղել Արևմուտքի համար, որը, սակայն, այսօր՝ իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, աչք է փակում Փաշինյանի ավտորիտար նկրտումների վրա, իսկ հաճախ դրանք խրախուսվում են:

«Ժողովրդավարական օազիս» Հայաստանում մարդիկ կալանավորվում են ընդդիմադիր լինելու համար, այն դեպքում, երբ «հանդգնել» են համայնքապետ դառնալ՝ չլինելով իշխանական, կամ պարզապես Ֆեյսբուքում խոսք են ասել:

Գիտե՞ք Ժողովրդավարական այլ երկիր, որտեղ մարդն ամիսներով կալանքի տակ է՝ միայն այն բանի համար, որ խոսք է ասել, որից վիրավորվել կամ վախեցել են իշխանությունները:

Կամ ո՞ր քաղաքակիրթ երկրում է կենտրոնական իշխանությունը հեղաշրջում իրականացնում առանձին վերցրած մի համայնքում՝ միայն այն բանի համար, որ այդ համայնքի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը: Ալավերդի համայնքում տեղի ունեցած կրիմինալ «հատուկ օպերացիան» մի ուղերձ ուներ՝ այլևս թույլ չտալ, որ ՏԻՄ ընտրություններում, ՔՊ-ից բացի, որևէ մեկը հաղթանակ տանի:

Իշխանության խոշորացույցի տակ է նաև Փաշինյանի վերահսկողությունից դուրս գտնվող խոշոր կապիտալը:

Ապօրինի գույքի գործիքակազմով իշխանության հարձակումը Գագիկ Ծառուկյանի դեմ կապ չունի ոչ արդարադատության և ոչ էլ՝ օրինականության հետ:

Քաղաքական ենթատեքստ ունեցող շատ սովորական կուլակաթափություն է, որը, մի կողմից, նպատակ ունի կապիտալը դուրս բերել չվերահսկվող գործարարի վերահսկողությունից, մյուս կողմից՝ եկել է «հեղափոխական օլիգարխիայի» ձևավորման «պատմական» ժամանակաշրջանը:

Մի արտառոց դեպք էլ երեկ տեղի ունեցավ:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել:
2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս կալանավորված էր։ Հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց էր եղել: Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել էր՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել։

Մինչև հիմա, որպես կանոն, մարդու մահվան դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում էր, գործը՝ կարճվում:  Համենայն դեպս, այդպես էր մինչև հեղափոխությունը, այսպես կոչված, «բռնապետական» իշխանությունների օրոք:

Տեղի ունեցածը բոլորը քննարկում են բարոյական հարթության վրա՝ բացահայտելով իշխանության սնանկությունը:

Բայց տեղի ունեցածը քաղաքական ակտ է. Փաշինյանը կայուն ավտորիտարիզմից անցում է կատարում բռնապետությանը:

Վահրամ Բագրատյան