ՔՊ-ն ունի երկու տարբերակ՝ զինել բանակը կամ հրաժարական ներկայացնել

ՔՊ-ն ունի երկու տարբերակ՝ զինել բանակը կամ հրաժարական ներկայացնել

ՀԱՊԿ-ը կրկին կրավորական դիրքում է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:
Կրավորական դիրքերից չպետք է խոսի ՔՊ-ականը, քանի որ Փաշինյանի և ՔՊ-ի օրոք Հայաստանն ու Արցախը հազարավոր զինվորներ են կորցնում, տարածքներ, իսկ ադրբեջանցիները շարունակում են պատրաստվել նոր հարձակման՝ տեսնելով Երևանում ՔՊ-ի հենց այդ կրավորական պահվածքը: Ռազմական անցյալ ունեցող Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է մեկնի սահման՝ ՔՊ-ականների հետ և խրամատում պաշտպանի հայրենիքը՝ խորը թիկունքում կրկին ՀԱՊԿ-ին քննադատելու փոխարեն:

ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ տարբեր ակցիաներն Երևանում օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից և Մոսկվայում ստեղծվում է պատկեր, որ ՀՀ քաղաքացիների մոտ աճում են հակառուսական տրամադրությունները: Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ-ի տարբեր արևմտամետ ուժերի, արտախորհրդարանական «մարդ-կուսակցությունների» հակառուսական ակցիաները, լուծում է իր ռազմավարական խնդիրը՝ սեպ է խրում հայ-ռուսական դաշնակցային կապերի մեջ:

ՀԱՊԿ-ին քննադատելու փոխարեն կամ դրան զուգահեռ անհրաժեշտ է բանակը պատրաստել նոր պատերազմի՝ կահավորել դիրքերը, թիկունքն ամրապնդել նոր զենքերով և բնակչության շրջանում բարձրացնել մարտական ոգին, ոչ թե խոսել խաղաղությունից: Ադրբեջանական բանակը կտտանքների է ենթարկել հայ զինվորներին և այդքանից հետո ՔՊ-ն միևնույն է փորձելու է նորից խաղաղության հայակործան օրակարգը նետել ներքաղաքական դիսկուրս:
Հայաստանն ու Արցախն ունեն շատ քիչ ժամանակ. սահմաններին անդորրն արտաքին ուժերի ճնշման արդյունք է, այլ ոչ թե Բաքվի՝ ՔՊ-ից վախենալու հետևանք:

Վահրամ Բագրատյան