ՍՇՎ-ների ու թոքաբորբով հիվանդացության մակարդակը վերջին շաբաթում բարձրացել է. ի՞նչ պատկեր է Հայաստանում

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ հիվանդանոցների մանկական բաժանմունքներում տեղ չկա. երեխաների մոտ ակտիվացել են սուր շնչառական վիրուսներն ու թոքաբորբը:
Համաճարակային ի՞նչ վիճակ է այժմ Հայաստանում. MediaHub-ը փորձեց պարզել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Մենք գտնվում ենք ՍՇՎ սեզոնի 20-րդ շաբաթում, և վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին հինգ շաբաթների ընթացքում հիվանդացության դեպքերի նվազման միտում կա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
Նրա խոսքով, սակայն, վերջին մեկ շաբաթում շնչառական վարակներով պայմանավորված` ակտիվություն է նկատվում:
«Հիվանդացության դեպքերի ակտիվացում է նկատվում թե՛ նախորդ շաբաթվա, թե՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա կարող է պայմանավորված լինել եղանակային փոփոխություններով, ինչպես նաև վիրուսի շրջանառության ակտիվությամբ»,- նշեց մասնագետը:
Վիրուսի տարածման միջին ակտիվություն է նկատվում Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ մնացած մարզերում և Երևան քաղաքում ակտիվությունը ցածր է:
«Դեպքերի 75%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում: Թոքաբորբով հիվանդացության մակադակը ևս նախորդ շաբաթվա համեմատ մի փոքր բարձր է, և դեպքերի 61%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում: Վերլուծությունները ցույց են տալիս, որ գրիպի վիրուսի շրջանառության դեպքեր չունենք այս ժամանակահատվածում, սակայն ունենք պարագրիպի, ռինովիրուսի հարուցիչներ: Բայց այս ամենի ֆոնին հոսպիտալացումների թիվը նախորդ շաբաթվա համեմատ չի բարձրացել: Նույնը կարող եմ ասել նաև թոքաբորբով հոսպիտալացումների մասին. այս դեպքում էլ նույն մակարդակն է, ինչ նախորդ շաբաթ»,- նշեց մասնագետը:
Եվգենյա Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՍՇՎ-ների ինկուբացիոն շրջանը տևում է 7-10 օր: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա եթե հիվանդության առաջին երկու օրերի ընթացքում ջերմությունը շարունակում է բարձր մնալ, ընդհանուր թուլություն է նկատվում, ախորժակի անկում է լինում, ապա անպայման պետք է դիմել բժշկի, և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Մասնագետը զգուշացնում է՝ առանց բժշկի ցուցման երեխաներին հակաբորբոքայիններ տալ չի կարելի:
Նարե Գնունի