Առավոտյան ևս մեկ դի հայտնաբերեցինք, հիմա ինտենսիվ աշխատանքները շարունակում ենք․ ԱԻ նախարար
Առավոտյան ևս մեկ դի ենք հայտնաբերել։ Այդ մասին այսօր Սուրմալու առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ հիմա ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։
«Տեխնիկան հերթափոխ էր գնացել, հիմա համալրվեց, մոտ մեկ ժամից էլի տեխնիկա կբերվի։ Բայց մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել՝ հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ»,- ասաց նախարարը։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ ՓԾ տնօրենը ամբողջ գիշեր եղել է դեպքի վայրում, իսկ ինքը գիշերը չորսին է տուն գնացել, ապա առավոտյան վեցին վերադարձել է, ինչը և ցույց է տալիս, որ որևէ պահ աշխատանքները չեն դադարեցվել։
Հարցին, թե արդյոք գործադիրը շտաբ ձևավորե՞լ է, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց, որ գործադիրը չի ստեղծել շտաբ, բայց Երևան քաղաքի վարչությունը ստեղծել է նման շտաբ։
«Շտաբի գոյություն, որպես այդպիսին չկա, բայց առողջապահության նախարարը, ՏԿԵ նախարարը այստեղ են եղել, աջակցել են։ Որպես այդպիսին, կառավարության կողմից աշխատանքներ կան»,- նշեց նա։
Արմեն Փամբուխչյանը նկատեց, որ շենքի փլուզման վտանգ հիմա էլ կա։
«Կրակը դեռ մի քանի օր լինելու է․ հանգցնում ենք, բայց կան նյութեր, որ էլի բռնկվում են։ Մի քանի օրում կկարողանանք մարել կրակը»,- ասաց ԱԻ նախարարը։