Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել 17 ռուս պատգամավորի և գործարարի նկատմամբ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի 17 ֆիզիկական անձանց նկատմամբ. հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ը։
Նշվում է, որ ՌԴ 17 քաղաքացիների ակտիվների սառեցման միջոցառումներն ընդունվել են՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրադրությունը, միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն աջակցելու նպատակով։
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել 11 պատգամավորներ, այդ թվում՝ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովը և այլք։ Սահմանափակումներն անդրադարձել են նաև գործարար Վիկտոր Վեկսելբերգի վրա, դրանց ազդեցությունը կտարածվի նաև ձեռնարկատեր Յուրի Կովալչուկի հարազատների վրա։