Իրակա՞ն են արտահերթ ընտրությունները

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու և իշխանափոխություն անելու միակ օրինական ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ «2021-ի արտահերթ ընտրությունները ճգնաժամն ավելի խորացրին, մեր առջև ծառացած խնդիրները: Հիմա արտահերթ ընտրությունները հրատապ են»,- ասել է Մելքումյանը:
Մելքումյանը սկզբունքորեն ճիշտ է՝ խորհրդարանական մոդելում հենց այսպես են հանգուցալուծվում ներքաղաքական ճգնաժամները։ Մյուս կողմից, «ճգնաժամ» եզրույթը հարաբերական է։
Օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ընդունում ճգնաժամի փաստը, հակառակը՝ կարծում է, որ մեկ տարի առաջ ստացել է հասարակության վստահության մանդատը ու կարող է գնալ ոչ ստանդարտ լուծումների անգամ արտաքին քաղաքական զգայուն հարցերում։ Չնայած՝ Փաշինյանի թիմն ակնհայտորեն մանիպուլացնում է, որովհետև 2021-ի քարոզարշավի ժամանակ խոստացել է Արցախի անկախության ճանաչման օրակարգ, իսկ հիմա առաջ է քաշում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու լատենտ թեզեր։
Սրանով հանդերձ, Փաշինյանի թիմը համարելու է, որ չկա ճգնաժամ ու երբեք չի նախաձեռնելու արտահերթ ընտրություններ։ Հիշենք, թե ՔՊ պատգամավորներն ինչպիսի անհամաձայնություն հայտնեցին, երբ իրենց գործընկեր Հովիկ Աղազարյանը ԱԺ ամբիոնից խոսեց արտահերթ ընտրությունների տեսական հնարավորության մասին։
Մյուս կողմից, ոչ մի իշխանություն ինքնակամ արտահերթ ընտրությունների չի գնում։
Կարճ ասած, եթե ընդդիմությունը կարծում է, թե երկրում ճգնաժամ կա, ապա պարտավոր է նպատակային քայլերով բացահայտել դրա շերտերը, գործոն դարձնել փողոցը՝ ցույց տալու համար, որ երկրում ստեղծվել է որակապես նոր վիճակ, որն այլևս չի արտացոլում 2021թ-ի ԱԺ ընտրությունների արդյունքները։
Վահրամ Բագրատյան