«Մեղադրյալի» աթոռին՝ Արցախի պետականությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ԼՂ նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողությունների ավարտի մասին։ Գործերն առաջիկայում ուղարկվելու են դատարան։
Կասկածից վեր է, որ սա լինելու է դատավարություն- ֆարս՝ Արցախի պետականության, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:
Հենց այդ նպատակով են Արցախի նախկին ղեկավարները տարվել Բաքվի բանտեր:
Բայց արդյո՞ք Հայաստանի հասարակությունը գիտակցում է տեղի ունեցողի ողբերգականությունը, հետևանքները:
Մի փոքր կասկածում եմ:
Եթե համարժեք գիտակցություն լիներ, ապա մեր հասարակությունը թույլ չէր տա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Ալիևից էլ «ջանասիրաբար», պայքարեր այն ամենի դեմ, ինչը կապված է Արցախի հետ:
Վերջին ամենաթարմ օրինակը, երբ իրավապահները շինծու հիմքերով առգրավեցին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան:
Քանի՞ մարդ ընդվզեց դրա դեմ, քանի՞ դատապարտող հայտարարություն հնչեց այդ թեմայով:
Ադրբեջանում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը հալածում են բացահայտ, Երևանում արցախցիների դեմ պայքարում են ծածուկ մեթոդներով՝ ամեն օր խորացնելով «հայաստանցի- արցախցի» անջրպետը:
Սա պետականության քաղաքակրթական ճգնաժամի հատկանիշ է, համապարփակ ճգնաժամի, որի չհաղթահարման գինը կարող է դառնալ պետության կորուստը:
Վահրամ Բագրատյան