ՄԻՊ-ը, կամա թե ակամա, Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին մեղադրում է ստի մեջ․ Նաիրա Զոհրաբյան

ՄԻՊ-ը, կամա թե ակամա, Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին մեղադրում է ստի մեջ․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր վերջին ուղերձով պատահաբար հակառակվել է Նիկոլ Փաշինյանի հրապարակած ֆեյք փաստերին։ ՄԻՊ-ն այդքան դուխ չունի, բայց կամա թե ակամա Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին մեղադրում է ստի մեջ։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Քրիստիննե Գրիգորյանի Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ տարածած ուղերձին։


ՄԻՊ-ի ուղերձում նշվում է՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում, Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերեվարված անձանց իրական թվերը։


Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կրկնեց Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի այն հայտարարությունը, թե մինչև այս պահը Բաքվում հաստատված 39 գերի ունենք։
«Ալիևը մեր գերիներին համարում է ահաբեկիչներ, մի քիչ ավելի մեղմ գույներով՝ գերի համարելով, Փաշինյանն ու Միրզոյանը կրկնում են ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Երկու կողմն էլ նույն թվի մասին են խոսում, մինչդեռ մենք ունենք փաստական տվյալներ, որոնց համաձայն ռազմագերիների թիվը շատ ավելի մեծ է՝ 118 գերի։ Ադրբեջանը հրաժարվում է որևէ այլ տեղեկություններ փոխանցել։ Չեմ կարող հիմա շատ փակագծեր բացել, որովհետև այդ տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն»,-ասաց նա։


Զոհրաբյանը նշեց, որ գերությունից վերադարձած մի քանի տղաների հետ է խոսել և վերջիններս պատմել են՝ երբ իրենց առավոտյան մատյաններ էին բերում ստորագրելու, անուններ են տեսել, որոնք պաշտոնապես հայտարարված չեն որպես գերիներ։
«Ավելին, պարբերաբար խցից խուց տեղափոխվելուց իրենք ճանաչել են ներկայումս անհետ կորած համարվող տղաներին։ Այս ամենի հավաստի լինելը ես չեմ կարող պնդել, սա պիտի ճշտեր ՀՀ Կառավարությունը, եթե մենք ունենայինք իշխանություն»,- շեշտեց MediaHub-ի զրուցակիցը։


Նաիրա Զոհրաբյանը հիշատակեց նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությունը, որն առ ոչինչ համարվեց, քանի որ նույնիսկ մեկ ռազմագերի վերջին ամիսներին Հայաստան չի վերադարձվել։
«Իհարկե, մենք իրատես ենք, գիտակցում ենք, որ այդ 303 անհետ կորածները Ադրբեջանում պահվող գերիներ չեն, սակայն պետք է նաև հետևողական լինենք, և գոնե փորձենք վերադարձնել այն տղաներին, որոնց մասին որոշակի տեղեկություններ են մեզ հասել»,- ամփոփեց նա։


Լիաննա Թորոսյան