Էս անցումից ինչ հոտ ասես գալիս ա, գիշերվանից խեղդվում ենք․ ո՞վ պետք է պատասխան տա մեր կորցրածի համար

Գիշերը տեղացած հորդառատ անձրևը նյութական մեծ վնաս է հասցրել Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ գործող «Հայաստան» առևտրի կենտրոնի տնտեսվարողներին։
«Գիշերվա ժամը 12:00-ից էստեղ ենք ու մինչև հիմա զբաղված ենք ջրահեռացման աշխատանքներով։ Հեղեղաջրերը լցվել են խանութները, վնասել ապրանքի մի մասը։ Վնասները դեռ չենք հաշվել, առայժմ ջուրն ենք մաքրում։ Տեսեք, շարքից դուրս եկած ոչ պիտանի գույքը դարսել ենք խանութի դեմը, որ թափենք»,- MediaHub-ին պատմեց խանութի սեփականատերերից մեկը։
Անձրևը, որ կայծակի ուղեկցությամբ սկսվել է ժամը 23:00-ից հետո, շարունակել է տեղալ մոտ 2 ժամ։ Տնտեսվարողները, որ գիտեն մայրաքաղաքում ջրահեռացման համակարգերը չեն աշխատում, գիշերը շտապել են խանութներ, որպեսզի «փրկեն» գույքը։
«Ընկերներիցս մեկը եկել ու գիշերը զանգել է, թե՝ «վիճակը շատ վատ է, արագ եկեք, բացեք խանութը, ապրանքը փչանում է»։ Ուշ էր արդեն, եկել ու մնացել ենք։ Էլեկտրական ապրանքների մեծ մասն օգտագործման համար պիտանի չեն։
«էս անցումից ինչ հոտ ասես գալիս ա։ Գիշերվանից խեղդվում ենք։ Այն ապրանքը, որ դարսված է եղել գետնին՝ արկղերի ու փաթեթների մեջ, հիմա չկա։ Ո՞վ պետք է պատասխան տա մեր կորցրածի համար։ Ո՞ւր է նայում իշխանությունը։ Ո՞վ էր տեսել նախկինում նման բան, երբ անձրև գա, գիշերը վազենք խանութներ։ Ջրահեռացման համակարգերը իսպառ բացակայում են»,- հավելեց աշխատակիցներից մեկը։
Հունան Թադևոսյան