Դիանային գորգի վրա են հրավիրել, Ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ընդդիմության նախագծին՝ ստեղծելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի դրսեւորման մասով Էթիկայի հանձնաժողով:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիայում մեծ խանդավառություն կա այս հարցում, ու, կարելի է ասել, սրտատրոփ սպասում են, թե երբ կքննարկեն ու կորոշեն, թե իրենց խմբակցությունից ովքեր կլինեն այդ հանձնաժողովի անդամները:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները Քոչարյանի հարցով պատրաստ են ընդդիմադիր ֆրակցիաների հետ աշխատել, քանի որ տեւական ժամանակ է լուրջ հակասություններ ունեն Անդրանիկ Քոչարյանի հետ:
Նշենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերից, ՔՊ-ականների ու Քոչարյանի միջեւ այնքան էին լարվել հարաբերությունները, որ նրանք նպատակ էին դրել խմբակցությունով քննարկել ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկել: Քոչարյանը ստիպված եղավ ՔՊ-ական երկու պատգամավորից (Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից) ներողություն խնդրել՝ հարթելով իրավիճակը: Բայց խմբակցությունում դեռեւս կան պատգամավորներ, որոնք ամեն գնով ցանկանում են Քոչարյանին պաշտոնանակ անել, քանի որ վերջինս ամեն առիթով վիրավորում ու զրպարտում է իր գործընկերներին:
Եվ այս առումով հանձնաժողովը ՔՊ-ականների սրտով է՝ նրան իր «տեղը ցույց տալու» համար:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է՝ չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաեւ այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի վերաբերյալ:
Անդրանիկ Քոչարյանը հետո նաեւ հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել էր, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, եւ որ պարզապես մեջբերել է Բագրատ սրբազան Գալստանյանին (իրականում ստելով)»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:
Ինչի՞ մասին է սա խոսում: Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրիում էլ զավթել իշխանությունը, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում, ընդ որում, շրջանառվող տեղեկություններով, մի քանի տարբերակների ուղղությամբ: Գյումրիում խոսում են, որ տաբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է: Այս դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան, ու կմնա ապահովել միայն երկու ձայն՝ ասենք՝ նույն խմբակցությունից: Ի դեպ, այս տարբերակը կյանքի կոչելու համար քպականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ կդնի՞ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ կվերցնի ավագանու անդամի մանդատը: Պարզ հաշվարկներով, որպեսզի մինչև ապրիլի 16-ը կարողանա ավագանու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն նա պետք է պատգամավորությունից հրաժարվեր, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում պատգամավորի լիազորությունները: Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, այն է՝ պարզապես «համոզելով», ճնշելով, վախեցնելով, խոստումներ տալով՝ ընդդիմադիր խմբակցություններից երեք ձայն փախցնել:
Ի դեպ, այս ամենին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների «հետևից է գնում»: Նախ՝ փորձում են հասկանալ՝ ովքեր են քվե խոստացել, բայց չեն տվել, և ինչու չեն կատարել իրենց խոստումը: Երկրորդ՝ նախատեսում են բոլոր նրանց «գլխին սարքել», ովքեր, չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին, կտրականապես հրաժարվել են քվեարկել, առավել ևս՝ աշխատել ՔՊ թեկնածուների օգտին:
«Հրապարակ» գրում է․
Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ: Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ավագանու ՔՊ-ական անդամը, հայտնի չէ, սակայն Էջմիածնում ամեն երկրորդին է հայտնի, որ սպանության մեջ կասկածվող գողական, «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը քաղաքապետի ամուսնու ընկերն է եւ դեպքից հետո փախուստի է դիմել, հետախուզում է հայտարարվել։
Գասպարյանն ասել է, որ դեպքի օրը Հայաստանում չեն եղել, իմացել` արագ վերադարձել են, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ՝ քաղաքական, քանի որ կա զոհ, իսկ սպանության թելերը տանում են դեպի քաղաքապետի ընտանիք։ Թե ինչ որոշում կընդունի վարչությունը՝ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված, դեռեւս հայտնի չէ։