Երկրաշարժից հետո պետությունը բնակարան պետք է տրամադրի 28 հոգու․ Լոռու մարզպետ

Երկրաշարժից հետո պետությունը բնակարան պետք է տրամադրի 28 հոգու․ Լոռու մարզպետ

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է:

Տարեց տարի գրում ենք այն մասին, որ Հայաստանը մինչ օրս չի վերացրել դրա հետևանքները, որ մինչ օրս մեր երկրում գոյություն ունի աղետի գոտի հասկացությունը, և հազարավոր մարդիկ դեռ կրում են ողբերգության հետևանքները:

Մասնավորապես, Լոռու մարզի որոշ քաղաքների և գյուղերի փողոցներ երկրաշարժից հետո 35 տարի անց էլ աղետի գոտի են։ MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Ստեփանավանի բնակիչներից, որոնք պնդում են՝ քաղաքի որոշ փողոցներ ասֆալտապատված չեն։

Ի՞նչն է պատճառը, որ փողոցները դեռ ասֆալտապատված չեն․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։

«Ես հենց հիմա գտնվում եմ Ստեփանավան համայնքում։ Եվ վերջին 1-3 տարիների ընթացքում մեծ ծավալներով աշխատանքներ են իրականացվել։ Բազմաթիվ ճանապարհներ են սարքվել, նաև այգիներ և պուրակներ»,- պնդեց նա։

Հարցին՝ կոնկրետ ահազանգեր ունենք Ստեփանավանի Սայաթ-Նովայի փողոցի անմխիթար լինելու մասին, մարզպետը հավաստիացրեց, թե նշված փողոցի մրցույթը կայացել է, և հաջորդ տարի կսկսվեն ասֆալտապատման աշխատանքներ:

Պնդեցինք, որ 35 տարի է անցել երկրաշարժից հետո, այս ընթացքում նաև իշխանափոխություն է եղել, սակայն ճանապարհները չեն բարեկագրվել, կան նաև քաղաքացիներ, ովքեր դիմել են դատարան,անի  որ իրենց բնակարան չի տրամադրվել։

«Նենց եք ասում, ոնց որ ես եմ եղել 35 տարվա ընթացքում մարզպետ, իսկ Գրիգորյանը Ստեփանավանի քաղաքապետ։ Ամեն դեպքում, այս 3-4 տարիների ընթացքում ծավալուն աշխատանքներ են իրականացվում։ Բնակարանաշինության հետ կապված պետությունը փոխհատուցել է, այդ խնդիրը լուծված է, պետությունը ոչ մի քաղաքացու կամ ընտանիքի պարտք չունի։ 28 հոգի դատարանում են, սպասենք տեսնենք, թե ինչ դատավճիռ կկայացնեն։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ում պետությունը երկրաժարժից հետո բնակարան պետք է տրամադրի։ Այս պահի դրությամբ պետությունը որևէ ընտանիքին ու քաղաքացու պարտք չունի»,- հավաստիացրեց Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, 1988թ. դեկտեմբերի 7-ին`տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: 35 տարի առաջ, ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ 

Մարիաննա Արամյան